Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Սարգսյանը Կարմիր հրապարակում բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին, ինչից հետո Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է հոբելյանի կապակցությամբ Ռուսաստանի նախագահի տոնական ընդունելությանը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երեկոյան Կարմիր հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն: Սերժ Սարգսյանը միջոցառումներին մասնակցող հյուրերի հետ Կարմիր հրապարակում կդիտի Մեծ հաղթանակի եզրափակիչ միջոցառումը:
Վաղը Հայաստանի նախագահը Կարմիր հրապարակում կայցելի Մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ կդնի և հարգանքի տուրք կմատուցի մեծ զորավարի հիշատակին: