Հնարավոր, որ ավելի քան 6 տասնամյակներից հետո Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում հայազգի պատգամավոր լինի: Վերջին անգամ Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավոր է եղել 1950-ական թվականներին, երբ իշխանություններ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրենց հանդուրժողականությունը ցույց տալու համար խորհրդարանում ընդգրկեցին ազգային փոքրամասնությունների մի քանի ներկայացուցիչների:
Առաջիկա ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ցուցակում ընդգրկված է լրագրող Մարգար Եսայանը: Քարոզարշավում նա գովաբանում է քաղաքական իշխող ուժի և երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունը: Նա ասել է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնություններին երբեք այսչափ հոգատար չեն վերաբերվել, ինչպես հիմա՝ հավելելով, որ իշխող կուսակցությունը ջանքեր է թափում նրանց կարիքները բավարարելու համար:
Daily Sabah-ի փոխանցմամբ, Մարմարա ծովի կղզիներից մեկում Բյուքադայի Այա Յորգի եկեղեցի կատարած այցելության ժամանակ պատգամավորության թեկնածու Եսայանն ասել է, թե պատմության մեջ առաջին անգամ տարբեր կրոններ դավանող մարդիկ չեն վախենում բացահայտել իրենց ինքնությունը:
Լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե Թուրքիան նոր էջ է բացել ազգային և կրոնական փոքրամասնությունների կյանքի պայմանների համար, որոնք նախկին կառավարությունների կողմից ենթարկվում էին խտրական վերաբերմունքի: Նա հիշեցրել է Էրդողանի անցյալ տարվա ցավակցությունը հայերին, ինչպես նաև՝ այս տարի վարչապետ Դավութօղլուի ցավակցությունը, որը նա արեց, չնայած Հռոմի Պապի և Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարություններին:
Էրդողանը անցյալ տարի ուղերձ հղեց՝ կառավարությունը այս տարի հետքայլ չկատարեց, չնայած բոլոր բացասական երևույթներին, և ենթադրաբար նկատի է ունեցել տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու որոշումները:
«Խորհրդարանների որոշումները այստեղ իմ կյանքը ավելի լավը չեն դարձնում, իմ հոգեբանությանը չեն օգնում: Տեղի հայերը գտեն դա և նման որոշումների էֆեկտը աստիճանաբար կվերանա», - ասել է Եսայանը:
Daily Sabah-ի փոխանցմամբ, Մարգար Եսայանը նշել է, որ հայ համայնքի բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու գործընթացը շարունակվում է՝ նշելով, որ նախկինում եկեղեցիները մատնված էին անուշադրության:
«Մենք չէինք կարող անգամ մի մեխ մեխել, էլ չեմ ասում, որ կառավարության կողմից օգնություն չկար: Մենք մեր սեփական ֆինանսական միջոցներով անգամ չէինք կարող օգնել նրանց: Հիմա մեր քաղաքացիները առաջին անգամ իրենց պետության քաղաքացիներ են զգում և փողոց են դուրս գալիս անվտանգ՝ սպառնալիքներ չզգալով իրենց ինքնության պատճառով», - հայտարարել է իշխող կուսակցության կողմից պատգամավորության հայազգի թեկնածուն: