Մատչելիության հղումներ

HRW-ը ուղեցույց է հրապարակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին


Ադրբեջանը հայտարարել է, որ իրավապաշտպան այս կազմակերպության հետ կապ ունեցող լրագրողներին թույլ չի տա լուսաբանել Եվրոպական խաղերը։

Ուղեցույց-զգուշացում լրագրողների համար, ովքեր պատրաստվում են լուսաբանել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հերթական աղմկահարույց փաստաթուղթը, որում ներկայացնում է Ադրբեջանում մարդու իրավունքների համատարած խախտումները և այն, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունների ճնշումները հակասում Օլիմպիական խարտիային:

«Իշխանությունների բռնաճնշումներն այդ խաղերի վրա ստվեր են գցում, և լրագրողները պետք է իմանան դա: Մենք ներկայացնում ենք Ադրբեջանի իշխանությունների աննախադեպ արշավը այլակարծության դեմ», - հայտարարում է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Ջեյն Բյուկենենը, ում խոսքով` այդ ամենը հասցրել է նրան, որ ավելի քան 35 լրագրողներ, իրավապաշտպաններ և քաղաքացիական ակտիվիստներ հայտնվել են բանտերում, իսկ շատերն էլ ստիպված են եղել լքել երկիրը:

Ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանություններին մարդկային տարրական իրավունքները հարգելու կոչ անող իրավապաշտպան կազմակերպությունն այսօր արձանագրում է, որ Ադրբեջանում զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներն ու տեղացի լրագրողների ձերբակալությունները բացասական ազդեցություն են թողնում արտասահմանյան մամուլի կողմից Եվրոպական խաղերի լուսաբանման և առհասարակ այդ երկրում ընդհանուր իրավիճակի վրա: Օլիմպիական խարտիայի հովանու ներքո Բաքվում կայանալիք խաղերը կոչված են ամրապնդելու հարգանքը մարդկային արժանապատվության նկատմամբ և խթանելու սպորտի դերն այդ գործում: «Մինչդեռ Ալիևի վարչակազմի քաղաքականությունը հակասում է այդ սկզբունքներին», - հիշեցնում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

Հիշեցնենք` մինչև իրավապաշտպան այս կազմակերպությունը կհրապարակեր փաստաթուղթը, Ադրբեջանի իշխող կուսակցության պաշտոնաթերթը տպագրեց մի հոդված, ըստ որի` Ադրբեջանի իշխանությունները որոշել են վերանայել լրագրողների ցանկը, ովքեր հավատարմագրվել են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը լուսաբանելու համար։ Ըստ «Ենի Մուսավաթ»-ի՝ սահմանափակումներ կմտցվեն այն լրագրողների նկատմամբ, ովքեր «Ադրբեջանի նկատմամբ ոչ բարեկամական և հայամետ դիրքորոշում ունեն»։

Թերթը նաև պնդել է, որ իշխանություններն ուսումնասիրում են այդ լրագրողների՝ Ադրբեջանի վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև հնարավոր կապը Human Rights Watch և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ:

«Ենի Մուսավաթ»-ը նշում է, որ «կասկածելի վարքով» 100 լրագրողներ են ի հայտ բերվել, ովքեր «կանխակալ մոտեցում ունեն Ադրբեջանի նկատմամբ»։ Սպասվում է, որ այդ լրագրողներին թույլ չի տրվի լուսաբանել Եվրոպական խաղերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG