Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Արևմուտքի հետ հիմա նկատվում է ջերմացում»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպել է Ավստրիայի արտաքին գործերի, Եվրոպական հարաբերությունների և ինտեգրման հարցերով նախարար Սեբաստիան Կուրցին։

Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսի և Արևմուտքի հարաբերություններում ներկայում նկատելի է որոշակի ջերմացում։ Նա ասել է նաև, թե Մինսկի և Վիեննայի կապերը նախկինում էլ բավական գործընկերային են եղել, և Բելառուսի իշխանությունը կցանկանար դրանք էլ ավելի զարգացնել։

«Մենք ուզում ենք, որ Ավստրիան և ընդհանրապես Արևմուտքը ավելի մոտիկից դիտարկեն մեր երկիրը և ձեռնարկեն որոշ քայլեր ճիշտ ուղղությամբ»,- ասել Լուկաշենկոն և գոհունակություն հայտնել այն կապակցությամբ, որ Ավստրիան անցյալ տարի մոտ 500 միլիոն դոլարի ներդրումներ է արել Բելառուսում։

«Հուսով եմ, որ Ձեր այցից հետո կիրականացվեն մեր համագործակցության ավելի լայնածավալ ծրագրեր»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Կուրցն իր հերթին նշել է, որ այս օրերին մեծ թվով երկրներում ի հայտ են եկել բարդություններ, առավել մտահոգիչ է Ուկրաինայի հակամարտությունը, ինչը չի կարող չազդել տարածաշրջանի և հատկապես Բելառուսի վրա։

Ավստրիացի քաղաքական գործիչը նաև ասել է, որ մայիսյան այս օրերին գտնվելով Մինսկում՝ գիտակցում է, թե ինչ կորուստներ է կրել Բելառուսը Հայրենական մեծ պատերազմում։

Նշենք, որ Սեբաստիան Կուրցը մոլորակի ամենաերիտասարդ արտգործնախարարն է, 2013-ին ստանձնելով պաշտոնը՝ նա ընդամենը 27 տարեկան էր։ Այսօրվա դրությամբ նա դեռ սովորում է Վիեննայի համալսարանի իրավաբանության բաժնում։

Նախօրեին Բելառուսի և Արևմուտքի հարաբերությունների թեմայով խոսել է նաև Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, ով «Բելառուս 1» պետական հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե Եվրոպայում Բելառուսը համարում են տարածաշրջանում կայունության երաշխավոր։

«Մեր եվրոպացի գործընկերները վերջապես սկսել են դա գիտակցել»,- ասել է Մակեյը՝ նշելով, որ Եվրոպայի, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գերիշխողը երկխոսությունն է և գործընկերությունը։

«Միայն միավորման հիմքերի վրա է հնարավոր կառուցել Եվրոպայի ապագան, մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով ներդրում ապահովել այդ գործում»,- ասել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։

Ըստ վերլուծաբանների, Մինսկի և Արևմուտքի հարաբերություններում աստիճանաբար ավելի նկատելի դարձող ջերմացումը որոշակի նյարդայնություն է առաջացնում Մոսկվայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG