Վրաստանը ևս մեկ շաբաթ կանցկացնի առանց կառավարության։
Երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր հրաժարվել է ստորագրել նախարարների պաշտոններում թեկնածուների՝ իրեն ներկայացված ցուցակը։ Ցուցակը ներկայացվել էր նախագահի հաստատմանը՝ այնուհետև նորացված կազմով կառավարությանը խորհրդարանի վստահության քվեն ստանալու համար:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության վստահության հարցը բարձրացավ, երբ ապրիլի 29-ին հրաժարական տվեց սպորտի և երիտասարդության հարցերով նախարարը: Վրաստանի Սահմանադրության համաձայն, 20 նախարարներից 1/3-ի հրաժարականի դեպքում կառավարությունը պետք է կրկին ստանա խորհրդարանի վստահության քվեն։ Լևան Կիպիանիի հրաժարականը արդեն յոթերորդն էր անցած տարվա հուլիսին հաստատված կառավարությունում:
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունն աշխատում է ֆորս-մաժորային իրավիճակում»,- գնահատելով ստեղծված իրավիճակը՝ հայտարարել է Վրաստանի նախագահը.- «Ես ցանկանում եմ հնարավորություն տալ ինչպես վարչապետին, այնպես էլ խորհրդարանին՝ քննարկումներ անցկացնել ավելի հանգիստ մթնոլորտում և կողմնորոշվել կառավարության կազմի հարցում»։
«Տվյալ դեպքում ես օգտագործում եմ Սահմանադրությամբ ինձ տրված միակ հնարավորությունը և մեկ շաբաթով հետաձգում ստորագրությունը, որ դնելու եմ կառավարության կազմի տակ»,- «Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ ասել է Մարգվելաշվիլին։
Վրաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում երկրի քաղաքական ղեկավարությունը հավասարակշռված որոշում կընդունի ավելի հանգիստ մթնոլորտում:
Վրաստանի նոր կառավարության կազմի ամենաինտրիգային հարց թերև պաշտպանության նախարարի թեկնածուն է։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է կին թեկնածուի՝ 42-ամյա Թինաթին Խիդաշելիի անունը, ով մասնագիտությամբ իրավաբան է , 2012 թվականից խորհրդարանի պատգամավոր, նախագահում է Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովը։
Խիդաշելին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի կինն է։ Թեկնածությունը հաստատվելու դեպքում Խիդաշելին կդառնա Եվրոպայում հինգերորդ պաշտպանության կին նախարարը։ Նա աչքի է ընկնում իր չափազանց ընդգծված արևմտամետ հայացքներով։
Նախագահ Մարգվելաշվիլին իր ելույթում որևէ կերպ չի արձագանքե այն առաջարկությանը, ըստ որի Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտպանական գերատեսչությունը կարող է կին ղեկավարել։ Փոխարենը Մարգվելաշվիլինի՝ որպես երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, հարց է հնչեցնել՝ «որքա՞ն հաճախ ենք պաշտպանության նախարար փոխելու»։