Մատչելիության հղումներ

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվեց հնգամյա համագործակցության ծրագիր


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի` Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2015-2020 թվականների համագործակցության ծրագիր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համագործակցության ծրագրով կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել հարաբերությունները:

«Մասնավորապես կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ առևտրատնտեսական, ճարտարապետության, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և տուրիզմի, հումանիտար, ինչպես նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Ստորագրման արարողությունից հետո Տարոն Մարգարյանն ու Գեորգի Պոլտավչենկոն կարճ ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ:

«Մենք եղբայրներ ենք, որոնց կապում են բազմադարյան պատմությունն ու ջերմ բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ նաև, որ համագործակցության այս ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը, քանի որ հստակ նշված են բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում ծավալվելու է մեր հնգամյա գործակցությունը», - նշել է նահանգապետը։

Տարոն Մարգարյանն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ ստորագրված համագործակցության ծրագրի բոլոր ուղղություններով ևս կողմերն առաջիկա տարիներին կունենան շոշափելի արդյունքներ:

Մարգարյանի հրավերով Պոլտավչենկոն և պաշտոնական պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն Սուրբ նահատակների հիշատակին, այնուհետև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ Պետերբուրգի նահանգապետը փաստաթղթեր է հանձնել ինստիտուտին, որոնցում պատմական փաստեր են վավերագրված Ցեղասպանությունից փրկված հայերին Պետրոգրադում ցուցաբերած օգնության մասին։ Նա նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը Պոլտավչենկոյին է նվիրել «Ռուսներն ու հայերը փորձությունների տարում. 1915 թվական։ Աստված պահապան հայերին» գրությամբ արծաթե հուշամեդալ, որը թողարկվել է 1916 թվականին` Պետրոգրադը Հայոց ցեղասպանության տարիներին ղեկավարած նահանգապետի կողմից։

Սանկտ Պետերբուրգի նահանգապետի այցի շրջանակում Երևանում այսօր մեկնարկել է «Երևանը և Սանկտ Պետերբուրգը ընդլայնում են համագործակցության հորիզոնները» համաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG