Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող «Genealogy» (թարգմանաբար՝ ծագումնաբանություն) խմբի վեց անդամներին, ովքեր խորհրդանշելով անմոռուկի հինգ թերթիկները, ներկայացնում են երկրագնդի հինգ աշխարհամասերում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին և Հայաստանը:
Խմբում ընդգրկված Եսայի Ալթունյանը՝ Եվրոպայից, Թամար Կապրելյանը` Ամերիկայից, Վահե Թիլբյանը` Աֆրիկայից, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը` Ավստրալիայից, Ստեֆանի Թոփալյանը` Ասիայից և Ինգա Արշակյանը՝ Հայաստանից, մրցույթին ներկայացնելու են «Face The Shadow» (թարգմանաբար` առերեսվիր ստվերին) երգը: Այն համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության և սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի:
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը խմբի անդամների հետ մասնակցել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը և «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը խմբի հինգ անդամներին, ովքեր բնակվում են արտերկրում և մինչ այս դիմել էին ՀՀ Նախագահին՝ իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու խնդրանքով, հանդիպման ժամանակ հանձնել է ՀՀ անձնագրերը, շնորհավորել նրանց՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարևոր առիթով և մաղթել հաջողություններ:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին՝ ջերմ խոսքերի և ընդունելության համար, նշելով, որ մրցույթից առաջ այն նոր եռանդ, ոգևորություն և բարձր տրամադրություն է հաղորդում իրենց:
Նրանք կարևորել են նաև օրերս Ավստրիայի կողմից, որտեղ անցկացվելու է մրցույթը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչը, ըստ խմբի անդամների, թույլ կտա ավելի ուժեղ և վստահ զգալ Վիեննայում: