Հիմնադրամի ծրագրերի հիմնական շահառուները Գյումրիի անապահով ընտանիքներն են:
Հիմնադրամը համագործակցում է Գյումրիի «Շիրակ» կենտրոնի հետ, որի տրամադրած տեսանյութերի հիման վրա էլ ընտրում է շահառու ընտանիքներին: Ամերիկյան հիմնադրամի շնորհիվ այսօր բնակարան ստացավ արդեն երրորդ գյումրեցի ընտանիքը:
Բարեգործներն այսօր Գյումրիում էին: Նրանցից Վարդի Վարդանյանն ասաց, որ իրենց ցավ պատճառեց, երբ տեսան, թե ինչ պայմաններում են ապրում որոշ ընտանիքներ, և երբ իրենց աչքերով տեսան դա, հասկացան, որ պետք է ամենայն կերպ օգնել:
«Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթըր Աբաջյանն ասաց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ մտադիր են այս տարի իրականացնել 100 ծրագիր․ - «Այդ «Հարյուր հարյուրից»-ի մեջ մի երկու հետաքրքիր ծրագիր ունենք: Մեկը այդ բնակարանն էր․․․ Մենք որոշեցինք սպորսորներ գտնել Ամերիկայում, բնակարաններ գնել ու հանձնել դոմիկներում ապրող ընտանիքներին: Այսօր ուրախ օր է, որ մի հատ դոմիկը քանդեցինք Գյումրիում: Ու այդ փայտը, որ քանդեցինք, պիտի բաժանենք մյուս ընտանիքներին, որ կարողանան ձմեռը ապահովել ջերմությունը: Այդ ընտանիքը երրորդն է, որ տուն ստացավ: Պիտի շարունակենք այդ ծրագիրը»:
Հիմնադրամն այսօր Գյումրիում բացեց «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնը: Անապահով ընտանիքների հարյուր երեխաներ այստեղ կստանան բազմակողմանի աջակցություն՝ ուսուցումից մինչև սնունդ:
Հիմնադրամի ծրագրերի համակարգող Սևան Ամիրյանցն ասաց, որ տասնհինգ աշխատատեղ են բացել, առավել կարևոր համարեց, սակայն, շահառուների ընտրությունը․ - «Կենտրոնի շահառուները ընտրված են մոտակա դոմիկային ավաններում ապրող ընտանիքներից: Սոցիալապես ահավոր վատ վիճակում ապրող երեխեք են»:
Կենտրոն հաճախող երեխաներին սննդով ապահովելը նույնպես հույժ կարևոր են համարում: «Շատ հաճախ տեսնում ենք իրենց սնունդը սեղանի վրա կամ եփվող ճաշը․ հիմնականում մակարոնեղեն է, լավագույն դեպքում՝ կարտոշկա: Մենք որոշեցինք, որ եթե նման բան ենք ձեռնարկում, անպայման պիտի սնունդն էլ լինի մեջը», - նշեց Ամիրյանը:
Նա նաև փոխանցեց, որ բարերարներին դժվար է համոզել, որ Հայաստանի երկրորդ քաղաքն ամենաաղքատն է: