Եվրոպական միության անդամ երկրների նախագահներից ևս մեկը հրաժարվեց մասնակցել 1941-45 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բանակի հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, որոնք տեղի կունենան մայիսի 9-ին Մոսկվայում։
Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը երեկ հայտնեց, որ ընդունել է Եվրահանձնաժողովի փաստարկները և հրաժարվել է մոսկովյան ուղևորությունից, նրա փոխարեն զորահանդեսին Հունգարիան կներկայացնի դեսպան Յանոշ Բալլան։
Ադերը հրաժարվել է Մոսկվա մեկնել՝ հաշվի առնելով Ուկրաինայի հարցում Ռուսաստանի վարած քաղաքականության, մասնավորապես՝ Ղրիմի բռնակցման, Դոնբասի պատերազմի և մալազիական «Բոինգի» կործանման հանգամանքները, որոնց հետևանքով Եվրամիության և Ռուսաստանի հարաբերություններում ճգնաժամ է սկսվել։
Մոսկովյան զորահանդեսը բոյկոտելու մասին ավելի վաղ հայտնել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի վարչապետերը, Գերմանիայի կանցլերը, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի ղեկավարները, Եվրոպական խորհրդի նախագահը։
Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ Մոսկվա կմեկնեն Չինաստանի, Հնդկաստանի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Մոնղոլիայի, Վիետնամի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի, Սլովակիայի, Հունաստանի, Կիպրոսի, Բոսնիա-Հերցեգովինայի, Իսլանդիայի, Մակեդոնիայի, Չերնոգորիայի, Հայաստանի և Սերբիայի ղեկավարները։
Չեխիայի նախագահը նույնպես կմեկնի Մոսկվա, սակայն զորահանդեսին ներկա չի լինի։ Զորահանդեսը բոյկոտող երկրներից միայն Լիտվայից ներկա չի լինի որևէ մակարդակի պաշտոնյա, մնացած երկրները կներկայացնեն Ռուսաստանում հավատարմագրված դեսպանները։ Մայիսի 8-ին Լիտվայի դեսպանը ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին։
Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի հայտարարության համաձայն, Ամերիկան հարգում է բոլոր նրանց, ովքեր Երկրորդ աշխարհամարտում պայքարել են ֆաշիզմի դեմ, հիշում է խորհրդային բանակի միլիոնավոր զոհված մարտիկներին, սակայն ներկայիս պայմաններում չի կարող հաշվի չառնել Ուկրաինայի հարցում Ռուսաստանի վարած քաղաքականությունը։