Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները չստացան վարչապետի խոստացած մեկ ամսվա աշխատավարձը


Նաիրիտցիները չստացան վարչապետի խոստացած մեկ ամսվա աշխատավարձը
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00

Նրանք այսօր կրկին գործարանում էին՝ տնօրենից պարզաբանումներ լսելու ակնկալիքով։

«Նաիրիտ» գործարանի աշխատողների պնդմամբ՝ Կառավարությունը շարունակում է չկատարել խոստումները։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրանց հետ վերջին հանդիպման ժամանակ վստահեցրել էր, որ մինչև ապրիլի 27-ը ներկա և նախկին աշխատողները կստանան մեկ ամսվա աշխատավարձ: Վարչապետը նաև ասել էր, որ կանի հնարավորը, որպեսզի աշխատավարձի պարտքը մարվի գոնե երկու ամիսը մեկ։

Նաիրիտցիներն այսօր բողոքում էին, որ խոստացված գումարը դեռ չեն ստացել։ Նրանք հավաքվել էին գործարանի տարածքում՝ հույս ունենալով գոնե տնօրենից որևէ պատասխան լսել։

«Մինչև 27-ը մի հատ աշխատավարձ կտան, 27-ն էլ անցավ, 28-ը , 29-ն էլ կանցնի, մինչև չստանամ, չեմ հավատա։ Սուտ ասելով ման են գալի», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

Գործարանի տնօրենն այդպես էլ չիջավ նախկին աշխատողների հետ խոսելու, փոխարենը նրան հանդիպած խմբի անդամները տեղեկացրին, որ մեկ ամսվա գումարը կտրվի առաջիկա օրերին։

«Փետրվարի 6-ից հետո աշխատավարձ չենք ստացել, մեր աշխատավարձը ժամ առ ժամ արժեզրկվում է, պետք է վերահաշվարկվի, պահանջը պետք է դրվի այսպես», - հայտարարեցին նաիրիտցիները։

Նրանցից շատերը կարծում են, որ Կառավարությունը ճնշումներ է գործադրում ցույցերը համակարգող և բանակցություններ վարող խմբի վրա: Այսօր, հաշվի առնելով բողոքները, խումբը որոշեց ինքնալուծարվել։ Ցույցերը համակարգող նոր խումբ կձևավորվի առաջիկայում։ Մինչ այդ մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը նաիրտցիները բողոքի երթ կանցկացնեն: Ցուցարարները տանը նստած իրենց գործընկերներին կոչ արեցին միանալ այս երթին և հետագա պայքարին։

«Քանի անգամ մտել ենք վարչապետի մոտ, մեր նախարարի մոտ։ Մենք զգացել ենք, որ նրանք ամենաշատը, կոպիտ ասած, վախենում են ժողովրդի քանակից։ Մի՛ գնացեք վերև, մի՛ իջեք ներքև, անհարմար է, ամոթ է...։ Ժողովո՛ւրդ, հաշվի են նստում մենակ ձեզ հետ։ Ձեր քանակի հետ։ Ինչ էլ խոսանք, եթե էսքան՝ 50-60 հոգի հավաքվենք, արդյունք չունի, ինչ խումբ էլ դնենք, եթե մասսա չեղավ թիկունքում կանգնած, արդյունք չունի», - հայտարարեց ցուցարարներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG