Մատչելիության հղումներ

Իրանցի քրիստոնյա զինվորը անցել է Հայաստան


Հայ - իրանական սահմանի Մեղրու անցակետը, արխիվ
Հայ - իրանական սահմանի Մեղրու անցակետը, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդում է, որ իրանցի մի զինվոր անցել է Իրան - Հայաստան սահմանը: Ձերբակալված սահմանախախտը իր քայլը պատճառաբանել է ծառայակիցների հետ ունեցած խնդիրներով:

Այսօր տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, սահմանի ապօրինի խախտման միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին: Իրանցի զինվորի անունը չի բացահայտվում, միայն նշվում է նրա տարիքը՝ ծնվել է 1992 թվականին:

Հաղորդագրությունը հուշում է, որ իրանցի զինվորի փախուստի պատճառը կրոնական տարաձայնությունների հետ կապված խնդիրներն են, համենայն դեպս՝ ձերբակալված սահմանախախտը այդպիսի պարզաբանում է տվել: Ըստ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության՝ նա ասել է, որ ինքը քրիստոնյա է, ինչի պատճառով խտրական վերաբերմունքի է արժանանում մահմեդականություն դավանող ծառայակիցների կողմից, դրա համար էլ փախել է Հայաստան:

Ռուսները սահմանախախտին փոխանցել են Հայաստանի իշխանություններին: Միջադեպի մանրամասները պարզում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:

Իսկ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդագրությունը վկայում է, որ սահմանապահներին տեղացի բնակիչ է օգնել սահմանախախտին հայտնաբերելու համար: «Ինտերֆաքս»-ը նշում է, որ պետական սահմանի պաշտպանությանը օգնություն ցուցաբերելու համար տեղացի բնակիչը սահմանային ծառայության ղեկավարության կողմից կարժանանա խրախուսանքի:

«Նովոստի Արմենիա» գործակալությունը հաղորդում է, որ ապրիլի 25-ի առավոտյան ժամը 10-ին տեղացի բնակիչը սահմանապահ ծառայությանը տեղեկացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից մի մարդ է անցնում Արաքս գետը: Սահմանապահների օպերատիվ «տագնապի խումբը» րոպեների ընթացքում ձերբակալել է սահմանախախտին:

Այս պահին իրանական կողմից մեկնաբանություններ չկան:

Հայաստան - Իրան, ինչպես նաև Հայաստան - Թուրքիա սահմանը հսկում են Ռուսաստանի ուժերը: Սահմանապահ այս ուժերում մոտավորապես 4․5 հազար զինծառայող կա: Հայաստանում տեղակայված սահմանապահ ծառայությունը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մի մասն է կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG