Մատչելիության հղումներ

Թուրք գործիչները անընդունելի են համարում Թուրքիայի 100-ամյա լռությունը


Թուրք պրոֆեսոր Չեմ Թերզին (ձ) Երևանում, 25-ը ապրիլի, 2015թ.
Թուրք պրոֆեսոր Չեմ Թերզին (ձ) Երևանում, 25-ը ապրիլի, 2015թ.

Մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ Երևանում ներողություն խնդրեցին Հայոց ցեղասպանության զոհերի համար։

Իզմիրի համալսարանի պրոֆեսոր Չեմ Թերզին Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչող թուրքերից է: Նա ընդունում է, որ 100 տարի առաջ երիտթուրքերը կազմակերպված ջարդերի միջոցով փորձել են ոչնչացնել քրիստոնյա ժողովուրդներին, նրանց մշակույթն ու հասարակական-քաղաքական կառույցները։

«Բոլորիդ առջև գլուխներս խոնարհելով՝ ներողություն ենք խնդրում Ցեղասպանության զոհերի համար։ Թուրք ժողովրդի հարյուրամյա այս լռությունն անընդունելի է։ 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը ժխտելը նշանակում է շարունակել նույն գործողությունները։ Մեր քաղաքական պարտականությունը ոչ թե անցյալը հերքելն է, այլ անցյալի համար պատասխանատվություն կրելը»,- այսօր Երևանում ասաց Թերզին։

Չեմ Թերզին ու նրա գաղափարակիցներն իրենց երկրում պայքարում են ժխտողականության դեմ և հավատում, որ մի օր Թուրքիայի իշխանությունները ոչ միայն կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այլ կփոխհատուցեն զոհերի ժառանգներին: Վիրաբույժ-պրոֆեսորը ցավով է նշում, որ իր երկրում դեռ փողոցներ ու կառույցներ են անվանակոչում ոճրագործների անուններով։

«Մենք այս հարցի առնչությամբ պետական մոտեցման փոփոխություն ենք ուզում։ Իրականությունն իմանալը իրավունք է։ Պետք է վերացվեն բոլոր այն արգելքներն ու խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակությանը տեղեկանալ իրականության մասին։ Մենք պահանջում ենք ցեղասպանության օրը Թուրքիայում սուգ հայտարարելու, հիշատակի միջոցառումներ անցկացնելու և հուշարձաններ կառուցելու մեր իրավունքը»,- ասաց նա։

Լրագրողների հետ հանդիպման եկած թուրք հասարակական-քաղաքական գործիչներն ազգայնամոլությունը հիվանդությունեն կոչում թե՛ Թուրքիայի, և թե՛ Հայաստանի համար։ Ցեղասպանությունը ճանաչելը առաջին հերթին զոհերի նկատմամբ ունեցած մեր պարտքն է, մենք նրանց արդարություն ենք պարտք, ասում է Չեմ Թերզին։

Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների ապագայի կուսակցության նախագահ Նաջի Սոմնեզը, ով Հրանտ Դինքի մտերիմ ընկերներից է եղել, նշեց, որ իրենք երկրի ազգային փոքրամասնությունների շահերն են պաշտպանում՝ ավելացնելով, որ սրանից 10 տարի առաջ անգամ չէին կարող երազել դրա մասին։ «Այն ժամանակ մեզ կարող էին ձերբակալել հասարակության մեջ պառակտում մտցնելու մեղադրանքով»,- ասաց Նաջի Սոմնեզը, ով 17 տարեկանում 3 տարով բանտարկվել է իր ազատական գաղափարների համար։

Նույն կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասն ասաց, որ դեմ է ղարաբաղյան հարցը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախապայման համարելու՝ Թուրքիայի քաղաքականությանը։

«Ադրբեջանը Թուրքիայի վրա ճնշում է գործադրում՝ նավթի և գազի խնդրով պայմանավորված։ Մինչդեռ շանտաժի միջոցով քաղաքականություն չի կարող լինել»,- ասաց նախկին պատգամավորը։

Չնայած Թուրքիայում հեշտ չէ հայկական հարցի մասին խոսելը, սակայն շատ են մարդիկ, ովքեր համարձակություն ունեն այն բարձրաձայնելու, վստահեցրին թուրք գործիչներն ու նշեցին, որ վերադառնալով հայրենիք՝ մամուլի ասուլիսի միջոցովկպատմեն Հայաստանում տեսածի մասին։

Մինչդեռ բազմաթիվ թուրքեր վտարվել են իրենց հայրենիքից ցեղասպանության մասին խոսելուց և պատմական այդ փաստը հերքելու համար երկրի իշխանությանը քննադատելուց հետո։ Ալի Էրթեմը հայրենիքում հալածվելուց հետո 16 տարի առաջ քաղաքական ապաստան է գտել Գերմանիայում և հիմնել «Ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը։ Նա Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ ծնկի է եկել Ծիծեռնակաբերդում՝ հարգելու Եղեռնի զոհերի հիշատակը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նույնիսկ հուզվեց։

«16 տարի առաջ այստեղ մամլո ասուլիսի ժամանակ մեր ազնվության վրա կասկածում էին։ Չգիտեին՝ մենք սա անում ենք դիվանագիտության համար, թե ազնվորեն։ Այս 16 տարիները, սակայն, ցույց տվեցին, որ մենք իրոք փորձում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի պատմական ճշմարտության հետ առերեսում լինի»,- ասաց Էրթեմը։

Հասարակական գործիչ, նկարիչ Ռեջեփ Մարաշլին ցեղասպանության խորհրդանիշ է ստեղծել, որի վրա գրված է՝ «Մեր գլուխը կախ է, մեր ամոթը՝ մեծ։ Մինչև այսօր ապրում ենք հայերի հողերի վրա»։ Այս նկարը նա նվիրել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին։

Թուրք հյուրերն, ի դեպ, կրում էին Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկներ։ Ուֆուկ Ուրասը գրպանում մի քանի կրծքանշան էլ ուներ։ Ասաց, որ ընկերների համար է տանում։ Իսկ պրոֆեսոր Չեմ Թերզին վստահեցրեց, որ անմոռուկը կրծքին կկրի մշտապես ու բոլորին կբացատրի դրա նշանակությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG