Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Պուտինի երևանյան այցը և հայտարարությունը


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարությունը զայրույթով է արձագանքել այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևանում կատարած հայտարարությանը։

«Հաշվի առնելով զանգվածային սպանությունները, աքսորը, որ Ռուսաստանն է իրականացրել Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում անցած դարում, Հոլոդոմորի նման զանգվածային պատժի մեթոդները, ինչպես նաև Ռուսաստանի պատմության ընթացքում անմարդկային վերաբերմունքը հատկապես թուրք և մուսուլման ժողովուրդների նկատմամբ, մենք կարծում ենք, որ Ռուսաստանը ավելի լավ գիտի՝ ինչ է իրականում «ցեղասպանությունը» և դրա իրավական բնութագրերը»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Պուտինը ասել էր.- «Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական․ մարդկանց զանգվածային սպանությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացում»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությունում նաև ասվում է.- «Մենք մերժում և դատապարտում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչելը, չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին»։

«Միակ բանը, որ կարող է անել Ռուսաստանը այս խնդրի շուրջ, իր կողմնապահությունը մի կողմ դնելն ու Հայաստանին ու հայերին խրախուսելն է, որ Թուրքիայի խաղաղության և ընկերության կոչերին դրական արձագանքեն»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Թուրքիան նաև դատապարտում է Ռուսաստանի Դումայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG