Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ը՝ «ռեժիմից ձերբազատման սկզբի օր»


«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը անժամկետ ցույցերի շարք է սկսում։ Այսօր տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որի ժամանակ շարժման առաջնորդները հայտարարեցին, որ քաղաքացիական անհնազանդության միջոցով հասնելու են իշխանափոխության։

Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումից հետո Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ղեկավարող Ալեք Ենիգոմշյանը ապրիլի 24-ը ռեժիմի հեռացման գործընթացի սկզբի օր հայտարարեց։

«Ոմանց մոտ այս համատեղումը անհասկացողություն առաջացրեց, այս համատեղումից ավելի իրար համընկնող երևույթ կարող է չլինել, եթե մեզ չհաջողվի երկրում տիրող այս իրավիճակից դուրս գալ, շարունակվելու է այսօրվա ցեղասպանությունը, և մեր դարավոր հակառակորդի կիսատ թողած գործը հայանուն մարդկանց ձեռքով դառնալու է իրականություն, ահա այստեղ է գտնվում գաղտնիքը, թե ինչու ռեժիմի հեռացման սկիզբը նշանակել ենք ապրիլի 24-ին», - նշեց նա:

Շարժման ղեկավարները այդպես էլ մանրամասն չներկայացրեցին, թե ինչպես են իշխանափոխություն իրականացնելու, փոխարենը հրապարակեցին նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման հռչակագիրը։ Հայտարարեցին, որ չեն իրագործվել Անկախության հռչակագրի և Սահմանադրության նպատակները, պարտավորվեցին նոր համաժողովրդական սահմանադրություն նախագծել և անցկացնել համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

«Հիմնադիր խորհրդարանի» Գյումրիի ցույցի ժամանակ դանակահարված Հրաչիկ Միրզոյանըհայտարարեց, որ քաղաքացիական անհնազանդության ճանապարհով են հասնելու իշխանափոխության։

«Մենք կազմել ենք պայմանագիր և այն արդեն շատ ստորագրողներ են եղել, պայմանագիրը կոչվում է «Հիմնադիր խորհրդարանի և քաղաքացու միջև պայմանագիր ՀՀ-ում իշխանությունը ժողովրդին փոխանցելու և նոր որակի հայկական պետականություն կառուցելու մասին», այս պայմանագրով քաղաքացիները արտակարգ լիազորություն են տալիս «Հիմնադիր խորհրդարանին» որպես իշխանության ալտերնատիվ օրգան, զուգահեռ մարմին, որը իր մարտավարությամբ կանցկացնի անցումային շրջան, կվերացնի այս իշխանությունների ստեղծած ավերածությունները և ժողովրդին կառաջարկի սահմանադրության նոր տարբերակ և հետագայում ամբողջական ժողովրդատիրական ընտրություններով լիարժեք իշխանություններ կձևավորի որն էլ նոր որակի Հայաստան կկառուցի», - հայտարարեց Հրաչիկ Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG