Մատչելիության հղումներ

Հայաստան գաղթած սիրիահայ ընտանիքի համար «պատմությունը կրկնվում է»


Հայաստան գաղթած սիրիահայ ընտանիքի համար «պատմությունը կրկնվում է»
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00

Ցեղասպանությունը վերապրած սիրիահայերի ժառանգներ Զարեհն ու Լիլիան երազանք ունեն` ապրել հայրենիքում, որտեղից 100 տարի առաջ նախնիները հարկադրաբար են գաղթել:

«Լսել եմ հուշերը մեծ հորիցս, լսել եմ՝ տառապանքները հետեղեռնյան դեպքերի իմ հորից, հորաքույրներից», - ասում է Զարեհ Պալյանն ու հիշում սերնդեսերունդ անցնող պատմությունն այն մասին, թե ինչ ճանապարհներով է 7 տարեկան պապը անցել և ինչ տեսարանների է ականատես եղել․ - «Գլխատված են մարդիկ, բռնաբարված են կանայք, երեխաները առևանգված են․․․ միայն և միայն Աստծո նախախնամությունն է, որ մի քարավանի ընկերակցությամբ, փրկվել է, ամուսնացել Հալեպի մեջ և ունեցել է ժառանգներ»:

Սիրիահայ երիտասարդ ամուսինների տատերն ու պապերը, ցեղասպանությունից մազապուրծ, ի վերջո Սիրիայում են հաստատվել:

Լիլիա Խոդանյանը, մանկության հեքիաթներից էլ շատ, գաղթի ճանապարհի պատմություններն է լսել․ - «1915-ի ջարդերի ժամանակ փորձել են փախչել, լքել իրենց տունն ու տեղը, ստիպված․․․ թուրքերը կանանց էին բռնաբարում, երեխաները՝ անընդհատ մահանում էին: Բայց մեծ հորս մեծ և նրա ընտանիքին հաջողվում է փախչել և հասնել Համայի Սելեմիե գյուղը»:

Զարեհն ու Լիլիան նախնիների դաժան պատմությունները չեն մոռանում, հիմա էլ իրենց որդուն՝ 2 տարեկան Վարդանին են պատմում, որ նա այնթափցի հայ է:

«Ամեն անգամ Ծիծեռնակաբերդ գնալիս նահատակների պահանջատիրության ձայնն է հնչում իմ սրում և ականջի մեջ: Ծիծեռնակաբերդ գնալով՝ ես կարծում եմ, որ չպետք է զոհի դերի մեջ լինենք: Ծիծեռնակաբերդը արդեն պետք է լինի վերածննդի խորհրդանիշ», - ասում է Զարեհը:

Լիլիան հավելում է․ - «Արդեն 3 տարի է՝ Հայաստանում եմ ապրում և երեք տարի է՝ առիթը բաց չեմ թողնում գնալու Ծիծեռնակաբերդ: Վերջին երկու տարին էլ Վարդանին՝ որդուս, հետս եմ տանում և ինքն էլ անպայման ծաղիկ է դնում: Հիշում եմ և պահանջում»:

Զուգահեռներ տանելով Ցեղասպանությունից մազապուրծ գաղթական նախնիների ու իր նորաստեղծ ընտանիքի միջև, Լիլիան նշում է՝ պատմությունը կրկնվում է․ - «Դժբախտաբար պատմությունը կրկնվում է: Ես երեք տարի առաջ՝ Հալեպի այս իրադարձությունների պատճառով, իմ մեծ հայրերիս նման ստիպված թողեցի տունս և տեղս, մեկ բարեբախտությամբ, որ ապաստան գտա իմ հայրենիքում և այստեղ աշխարհ եկավ զավակս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG