Հայաստանի նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ի պատիվ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների, նախագահի նստավայրում տրվել է պետական ճաշ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բաժակաճառով։
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շնորհակալություն հայտնելով հյուրերին Հայաստան ժամանելու և հայերի կողքին կանգնելու համար նախագահը մասնավորապես ասել է. - « Ես հավատում եմ, որ մենք բացառիկ հնարավորություն ունենք, օգտագործելով մեր իսկ ստեղծած գործիքները, համագործակցության բազում կառույցները, հաղորդակցության աննախադեպ միջոցները, միջազգային իրավական համակարգը՝ կատարելագործելու համաշխարհային խաղաղության պահպանման առկա մեխանիզմները, վերականգնելու պատմության ընթացքում բարոյականության սասանված հիմքերը և կանխելու մարդկության դեմ ուղղված ողբերգությունների կրկնությունը»:
«Օրերս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացին դեռևս մի ամբողջ հազարամյակ առաջ պատգամել է մեզ. «Երթ ի խաղաղություն՝ սրբեալ ի մեղաց» (Երթը դեպի խաղաղություն սրբում է մեղքերից): Ուստի եկեք բաժակ բարձրացնենք հանուն ողջ մարդկության խաղաղ համագոյակցության, լույս սերմանող և լույս ծնող խաղաղության», - իր ճառում ասել է Հայաստանի նախագահը։