Մատչելիության հղումներ

Էրդողանը ցավակցություն է հայտնում հայերին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Վարչապետի ուղերձից օրեր անց, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հայերին դիմեց նաև թուրքական պետության ղեկավարը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր ցավակցություն է հայտնել «Առաջին աշխարհամարտի ընթացքում իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերի զավակներին ու թոռներին»:

Իր ուղերձում, որի տեքստը հրապարակված է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում և որը այսօր Պոլսո Հայոց պատրիարքարանում անցկացված արարողության ժամանակ ընթերցել է Պատրիարքարանի հոգևոր խորհրդի անդամ հայր Թաթուլ Անուշյանը, Էրդողանը, մասնավորապես, գրել է, թե Թուրքիան գիտի հայ հասարակության վերապրած տխուր իրադարձությունների մասին։

«Մեր սրտերը բաց են օսմանյան հայության զոհերի թոռների առաջ», - ասվում է ուղերձում, որում նշվում է նաև, որ հայ հասարակությունը նշանակալի ավանդ ունի Օսմանյան կայսրության և Թուրքիայի հանրապետության տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում, ու ընդգծվում, որ Թուրքիան այսօր հարգանքի տուրք է մատուցում նրանց։

Պատրիարքարանում տեղի ունեցած պատարագին, հիշեցնենք, ներկա է եղել Թուրքիայի եվրոպական գործերով նախարար Վոլքան Բոզքըրը։

Daily Sabah-ը շեշտում է՝ Բոզքըրը Թուրքիայի պատմության ընթացքում պետության ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ պաշտոնապես մասնակցել է պատարագին։ Պատրիարքարանը ողջունել է նախարարի ներկայությունը։

«Սա բավական խոստումնալից է, կարծում եմ՝ սա խորհրդանշական ամենադրական քայլն է, որը երբևէ արվել է»,- ասել է Թաթուլ Անուշյանը։

Էրդողանի ուղերձում ասվում է, որ Առաջին աշխարհամարտում, որը մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից էր, զոհվել են միլիոնավոր մարդիկ բոլոր ազգերից, որոնք ապրել են Օսմանյան կայսրության սահմաններում։

«Մենք կարողացել ենք կայացնել Թուրքիայի Հանրապետությունը՝ չմոռանալով այդ ցավը, բայց և սովորելով այն հաղթահարել։ Եվ այսօր մենք բոլորս աշխատում ենք, ձգտում ենք հասնել խաղաղության և եղբայրության ավելի լավ օրերին, տեղ չտալով ազգային կամ կրոնական ինքնության խտրականությանը», - ասել է Թուրքիայի նախագահը։

Daily Sabah-ը նաև նշում է, որ Էրդողանի հրավերով 17 նախագահներ և 5 վարչապետներ ժամանել են Թուրքիա, որտեղ այսօր մասնակցում են Առաջին աշխարհամարտի ամենաարյունալի ճակատամարտերից մեկի` Գալիպոլիի (Չանաքքալեի) 100-ամյակի միջոցառումներին։ Ըստ պատմաբանների՝ 1915-16 թվականներին Գալիպոլիի ճակատամարտում, որը մղել են, մի կողմից, օսմանյան բանակը, մյուս կողմից՝ արևմտյան դաշնակիցները, ընդհանուր հաշվով զոհվել է ավելի քան 130 հազար մարդ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ «Օսմանյան կայսրության անկման շրջանում զոհված օսմանյան հայերի վերաբերյալ» ուղերձով էր հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Հիշեցնենք նաև, որ Ռեջեփ Էրդողանը, ով մեկ տարի առաջ Թուրքիայի վարչապետն էր, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ ցավակցական ուղերձով էր հանդես եկել նաև անցած տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG