Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը Բունդեսթագում կշարունակվի


Բունդեսթագի նախագահը շարունակեց Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի երեկ հնչեցրած միտքը, որ տեղի է ունեցել «գենոցիդիալ դինամիկա»:

Գերմանիայի Բունդեսթագում առավոտյան ժամը 9-ից սկսվել է Հայոց ցեղասպանության թեմայի քննարկումը, սակայն պաշտոնական տարբերակով չէր կոչվում Հայոց ցեղասպանության քննարկում, այլ հայերի ոչնչացման, բնաջնջման հարցերին նվիրված քննարկում:

Ելույթ ունեցավ Բունդեսթագի նախագահը, ով հստակ 1915 թվականի դեպքերն անվանեց Ցեղասպանություն՝ շարունակելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկի երեկվա հնչեցրած միտքը, որ տեղի է ունեցել «գենոցիդիալ դինամիկա»:

Սա նոր եզրույթ է գերմանական քաղաքական և հասարակական շրջանակներում: Այսինքն, հստակ ասվեց, որ 1915 թվականին տեղի ունեցած հայերի ջարդն ու կոտորածը Ցեղասպանություն է, այլ ոչ մի տերմինով չի կարելի բնութագրել: 9 պատգամավոր ուներ ձայնի իրավունք:

Բոլոր պատգամավորներն էլ՝ թե իշխող, թե ընդդիմադիր, միակարծիք էին և բոլորն էլ արտասանեցին «ցեղասպանություն» տերմինը: Տպավորություն էր, որ չկա այլ մի եզրույթ, որով կարելի է բնութագրել հայերի ջարդն ու կոտորածը: Չկար հակառակ կարծիք:

Բունդեսթագի այս նիստին ներկա էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև արտգործնախարարը, ֆինանսների նախարարը և այլ պաշտոնյաներ:

Նշենք, որ չպետք է այսօրվա նիստով ոգևորվել, քանի որ Բունդեսթագում շարունակվելու է բանաձևի նախագծի քննարկումը, որն այսօր նախատեսված չէր: Նախագիծը դեռ պետք է ներկայացվի 3 հանձնաժողովների քննարկման՝ Արտաքին հարաբերությունների, Մարդու իրավունքների և Եվրոպայի հարցերի հանձնաժողովներին: Այդ հանձնաժողովները պետք է քննարկեն, անհրաժեշտության դեպքում կարող են նաև մասնագիտական քննարկում հրավիրել, կարող են փոփոխությունների ենթարկել, դրանից հետո ի մի բերեն մեկ նախագիծ, նոր դա կմտնի քննարկման: Այսինքն, ասել, որ այսօր մենք ունենք Գերմանիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչում, սխալ է:

Տիգրան Պետրոսյան, Բեռլինից, հատուկ «Ազատության» համար

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG