Մատչելիության հղումներ

Ստամբուլում հիշում են Հայոց ցեղասպանության զոհերին


Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյան, արխիվ

Պոլսո Հայոց պատրիարքարանում պատարագ կմատուցվի, որին կմասնակցեն նաև թուրք պաշտոնյաներ:

Այսօր, չնայած Թուրքիան նշում է Գալիպոլիի հաղթանակի 100-ամյակը, այնուամենայնիվ, Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը ներկա է գտնվելու ապրիլի 24-ի առիթով Հայոց պատրիարքարանում կայանալիք կրոնական արարողությանը: Պատարագին ներկա լինելու նաև Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը: Այս մասին հաղորդում է Hyurriet Daily News-ը:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը ավելի վաղ՝ ապրիլի 21-ին ասել էր, թե պատարագը մատուցվելու է Օսմանյան հայերի և այդ ժամանակաշրջանի բոլոր զոհերի հիշատակին:

«Մեր ցավն ընդհանուր է», - հայտարարել էր Թուրքիայի հայկական եկեղեցու առաջնորդը:

Պատարագից բացի այսօր «Թաքսիմ» հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն են անցկացնելու իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև՝ հասարակական, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մոմավառությունից բացի, այս տարի նախատեսվում է նաև ծառ տնկել:

1915 թվականին սպանված հայ մտավորականներին համերգ է անցկացվել չորեքշաբթի երեկոյան: Ստամբուլի համագումարների կենտրոնում անցկացված այդ համերգին մասնակցել են հայ և թուրք երաժիշտներ, համերգի ընթացքում ընթերցվել են զոհված մտավորականների անունները:

Նախկինում Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին բաց քննարկումներ, հիշատակի արարողություններ, հավաքներ կազմակերպելը անհնարին էր: Հրապարակային միջոցառումներից, քննարկումներից բացի, թուրք պաշտոնյաները նաև նշում են, որ վերջին տարիներին անցկացված բարեփոխումներից հայկական համայնքը նաև նյութապես է օգտվել:

Թուրքիայի վարչապետի հանրային դիվանագիտության գրասենյակը, որը հիմնականում աշխատում է ոչ կառավարական կազմակերպությունների հետ, հաղորդում է, որ 2002-ից սկսած՝ 284 անշարժ գույք է վերադարձվել հայ համայնքին: Այդ ժամանակաշրջանում հիմնադրամի կարգավիճակով Ստամբուլում գրանցվել են հայկական կաթոլիկ եկեղեցին և Սուրբ Խաչ հայկական ավագ դպրոցը:

Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության և թանգարանների վարչության տվյալներով, Թուրքիայում վերանորոգվել է 26 եկեղեցի, որոնցից 11-ը հայկական: Եվս 23 եկեղեցիների վերանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG