Մատչելիության հղումներ

Բողոք և մոմավառություն Սպիտակ տան առջև


ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում

Ամերիկայի մայրաքաղաքում հայերը որոշել են նախագահ Բարաք Օբամային հիշեցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրենց պահանջի մասին: Միացյալ Նահանգների հայ համայնքը հինգշաբթի երեկոյան Սպիտակ տան մոտ մոմավառություն էր կազմակերպել՝ պահանջելով Օբամայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հավաքվածների համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտ են ոչ միայն բարոյական տեսակետից, այլև ապագայում հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման համար:

Թուրքիայի իշխանությունները հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ առաջարկելով խնդիրն ուսումնասիրել պատմաբանների մակարդակով: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարցը բանավեճի առարկա չէ, քանի որ պատմաբաններն իրենց խոսքը վաղուց ասել են:

«Միացյալ Նահանգները՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և բարոյական արդարադատության առաջնորդ, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը», - շեշտեց Խաչիկյանը:

Փորձառու դիվանագետ, Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը խորհուրդ է տալիս հարցին այլ կերպ մոտենալ: Նրա խոսքով՝ ոմանք կարող են հիասթափվել, եթե նախագահ Օբամայի հայտարարության մեջ չլինի ցեղասպանություն բառը, սակայն դիվանագետը խորհուրդ տվեց հայտարարությունն ավելի ուշադիր կարդալ. - «Ցեղասպանությունը կարևոր բառ է, սակայն գայություն ունեն բազմաթիվ ոչ պակաս կարևոր բառեր»:

Էվանսի խոսքով, այսօր Հայոց ցեղասպանության խնդիրը հայտնվել է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, և նույնիսկ Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման հարցը մի խումբ խիզախ մարդկանց շնորհիվ առաջ է քաշվում: «Իրադարձությունները ճիշտ ուղղությամբ են զարգանում, և այժմ հույսը կորցնելու ժամանակը չէ», - ասաց նա:

Ապրիլի 24-ի իր այս տարվա հայտարարության մեջ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հիշատակել է ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուին, ով պայքարում էր Օսմանյան ղեկավարության դեմ՝ հայերի կյանքերը փրկելու համար:

«Նման ջանքերի շնորհիվ Մեծ եղեռնի մասին ճշմարտությունը պահպանվեց և ապագայում ազդեցություն ունեցավ մարդու իրավունքների առաջատար Ռաֆայել Լեմկինի աշխատանքների վրա», - գրել է իր ուղերձում Օբաման:

Հիշեցնենք՝ Ռաֆայել Լեմկինն այն գիտնականն է, ով գործածության մեջ է դրել ցեղասպանություն եզրույթը:

4 տարեկանից Միացյալ Նահանգներում բնակվող Արփինե Բաղդասարյանի խոսքով, իր համար կարևոր չէ երկրի իշխանությունների պաշտոնական որոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, քանի որ կարևորը մարդկանց կարծիքն է. - «Մենք մեր պահանջներից հետ չենք կանգնելու, 10 միլիոն հայեր կան, ու մենք կանք ու կլինենք, ինչպես Ուիլյամ Սարոյանն է ասել»:

Ամերիկայի թուրքական կազմակերպությունները հայտարարել են, որ «Նյու Յորք Թայմս» թերթը հրաժարվել է տպագրել թուրքական կազմակերպությունների գովազդը՝ հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ, պատճառաբանելով որոշումը նրանով, որ գովազդում «հերքվում են կարևոր պատմական իրադարձություններ, որոնք ընդունված է փաստեր համարել»: «Նյու Յորք Թայմս»-ի հայտարարությունն ընդգծում է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, Հոլոքոսթը, Միացյալ Նահանգներում ստրկատիրական համակարգը կամ Հայոց ցեղասպանությունը հերքող գովազդներ չեն հրապարակվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG