Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Հովվապետերի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ի, Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Եփրեմ Բ-ի և Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու պետ և Մալանկարայի Մետրոպոլիտ Նորին Սրբություն Բասելիոս Մար Թոմա Պաուլոս Բ-ի հանդիպումը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուրախություն է հայտնել Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների հոգևոր պետերի այս հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ 1965 թ. Ադիս Աբեբայի հանդիպումից հետո նման հնարավորություն չի ընձեռվել: Նորին Սրբությունը նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել վերջիններիս Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանելու առիթով:
Հանդիպման ընթացքում հովվապետերը քննարկել են Արևելյան Ուղղափառ Քույր Եկեղեցիների ընտանիքին հուզող խնդիրները, անդրադարձ են կատարել Եկեղեցիների հավատացյալների առջև ծառացած մարտահրավերներին: