Մինչ Երևան այցելելը աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրը ապրիլի 22-ին Մոսկվայում համերգ է տվել ու համերգասրահի կուլիսներում հանդիպել է իր երկրպագուհի Լիդիա Ռոդինայի հետ:
«Комсомольская правда»-ն գրում է, որ Ազնավուրը իր մեծահասակ երկրպագուհուն վարդերի փունջ է նվիրել, իսկ տատիկը խնդրել է Ազնավուրի ինքնագիրը, ինչպես նաև «Խաղալիք» ու «Շերվուրդյան հովանոցներ» ֆրանսիական ֆիլմերի երաժշտությունից հատվածներ է երգել:
Այսպիսով Լիդիա Ռոդինայի երազանքը իրականություն է դարձել: Նա հանդիպել է Շառլ Ազնավուրին:
Այս պատմությունը սկսվել էր մարտ ամսին: «Коммерсант» թերթի լրագրող Ալեքսանդր Չերնիխը մետրոյի «Պուշկինսկի» կայարանում, համերգի ազդագրի վահանակի մոտ պատահականորեն տեսել էր Լիդիա տատին, ով խոստովանել էր, որ շատ է ցանկանում համերգին ներկա լինել, բայց չի կարող: Տատիկը ասել էր, որ Ազնավուրի երկրպագուն է, ֆրանսիացի հայտնի երգիչների մի քանի երգերից հատվածներ էր կատարել: Լրագրողը հեռախոսով տեսագրել էր այդ ամենը և տեղադրել «Ֆեյսբուք»-ում:
Ազնավուրի արձագանքը չուշացավ: Իմանալով երկրպագուհու և նրա ցանկության մասին՝ Ազնավուրը նրան հրավիրել էր Մոսկվայում կայանալիք համերգին: Իր տեսաուղերձում Ազնավուրը հուզիչ և անհավանական էր համարել տարեց երկրպագուհու պատմությունը և նույնիսկ խոստացել էր հաջորդ համերգներին մատչելի դարձնել տոմսերի գինը:
Լիդիա Ռոդինան Crocus City Hall էր եկել«Коммерсант»-ի լրագրող Ալեքսանդր Չեռնիխի հետ, ով, ըստ էության, այս պատմության հեղինակն է: Վերջինս ասել է, որ շատերն են ճանաչել Լիդիա տատիկին և ցանկացել լուսանկարվել նրա հետ:
7500 տեղանոց Crocus City Hall-ի սեփականատերը ադրբեջանցի միլիարդատեր Արազ Աղալարովն է: