Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը կարծում է, որ «Գազպրոմը» խախտում է հակամենաշնորհային կանոնները


Հանձնակատար Մարգարիտ Վեստագերը ներկայացնում է «Գազպրոմի» վերաբերյալ զեկույցը, 22-ը ապրիլի, 2015թ.

«Գազպրոմը» խախտում է հակամենաշնորհային կանոնները, այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի մրցակցության հարցերով հանձնակատար Մարգրեթ Վեստագերն՝ ամփոփելով հանձնաժողովի՝ ավելի քան երկու տարի տևած հետաքննության արդյունքը:

Ըստ Եվրահանձնաժողովի, «Գազպրոմը» տարածաշրջանում խախտում է ազատ մրցակցության կանոնները և Արևելյան Եվրոպայի տարածքում անհիմն բարձր գներ է սահմանում:

Եվրահանձնաժողովի մրցակցության հարցերով հանձնակատարն ընդգծել է, որ «Գազպրոմը» գերիշխող դիրք է զբաղեցրել Էստոնիային, Լատվիային, Լիտվային, Լեհաստանին, Չեխիային, Սլովակիային, Հունգարիային և Բուլղարիային գազ մատակարարելու հարցում:

Թեև ռուսական ընկերությունն, ըստ սահմանված կարգի, 12 օր ժամանակ ունի Եվրահանձնաժողովին պատասխանելու համար, եզրակացության հրապարակումից անմիջապես հետո հայտարարել է, թե Եվրամիության մեղադրանքներն անհիմն են:

Ընկերությունը պաշտոնապես պնդել է, թե խստորեն պահպանում է միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության բոլոր նորմերը բոլոր այն երկրներում, որտեղ գործում է:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոս Շեֆչովիչն անցյալ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, թե հանձնաժողովը կնախընտրեր «ունենալ չափորոշիչներ, թափանցիկ առևտրային կապեր «Գազպրոմի» և Եվրոպական կազմակերպությունների միջև»։

Ռուսաստանցի փորձագետներն ուշադրություն են հրավիրում հանգամանքին, որ «Գազպրոմի» վերաբերյալ Եվրահանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման պայմաններում: Պաշտոնական Բրյուսելի ներկայացուցիչները պնդում են, որ ընկերության վերաբերյալ ավելի քան 2 տարի տևած հետաքննության եզրակացությունը որևէ կապ չունի քաղաքական հարցերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG