Մատչելիության հղումներ

Համաներումը իշխանությունների կողմից «պոպուլիստական քայլ կլինի»


Համաներումը իշխանությունների կողմից «պոպուլիստական քայլ կլինի»
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

Իրավապաշտպաններից շատերը, թեև կողմ են համաներմանը, այդուհանդերձ, համարում են, որ դա իշխանությունների կողմից պոպուլիստական քայլ կլինի։

Հայաստանյան իրավապաշտպաններից ոմանք կարծում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը համաներում հայտարարելու հարմար առիթ է։

Վերջին օրերին նման հնարավորության մասին մամուլում մի շարք հրապարակումներ եղան, պաշտոնական հայտարարություններ, սակայն, չեղան:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ համաներումը հնարավորություն կտա լուծել բանտերի գերբեռնվածության խնդիրը։

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ արդեն 9 համաներում է եղել․ - «Մեր իրավիճակը այնպիսին է, որ մեր սոցիալ-տնտեսական պայմանները այսօր շատ ու շատ դեպքերում նպաստում են օրինախախտումներին: Հետևաբար պետք է նաև պետությունը, հաշվի առնելով այս գործոնը, նույնպես որոշակի ներողամիտ լինի: Համաներման միգուցե նաև շուտ-շուտ լինելը նաև այս գործոնի հետ է կապված»:

Մինչ անկախ հանձնաժողովի անդամը տնտեսական պատճառաբանություններ է բերում՝ իրավապաշտպաններից շատերը, թեև կողմ են համաներմանը, այդուհանդերձ, համարում են, որ դա իշխանությունների կողմից պոպուլիստական քայլ կլինի։

Ըստ Ավետիք Իշխանյանի, եթե Հայաստանը լիներ իրավական երկիր, ապա անկախության տարիներին բավարար կլիներ ընդամենը մեկ կամ երկու համաներում․ - «Եվ այս պայմաններում միակ լուծումը այս տեսակետից իշխանություններն էլ են գիտակցում: Դա լինում է համաներումը, որն արդեն իշխանության բարի կամքն է: Մի կողմից, չունենալով իշխանության տարանջատում, համակարգի և իշխանությունների պատճառով կամ նրանց ցուցումով այսպիսի իրավիճակ է ստեղծվում, մյուս կողմից՝ բարի ժեստ է անում»:

Նրա համոզմամբ՝ եթե Հայաստանում արդարադատություն իրականացվեր, ապա բանտերը գերծանրաբեռնված չէին լինի:

Իրավապաշտպանների խոսքով՝ եթե կալանքը որպես խափանման միջոց միայն հատուկ դեպքերում կիրառվեր, արդարացման որոշումները շատ լինեին, պայմանական վաղաժամկետ ազատվողների թիվը մեծ կլիներ․ այս և այլ հարցերի լուծման դեպքում բանտերն էլ ծանրաբեռնված չէին լինի:

Ավետիք Իշխանյանը բերեց եվրոպական երկրների օրինակը, որտեղ արդարացման որոշումները կազմում են մինչև 25 տոկոս, մինչդեռ Հայաստանում դրանք հազիվ մեկ տոկոսի են հասնում։ Փոխարենը եվրոպական երկրներում համաներում ավելի հազվադեպ է հայտարարվում։

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն իր հերթին նշում է՝ համաներումը պետք է իրականացվի հանրության կամքով: Սակայն այս սկզբունքը չի գործում, այն կարծես թե դարձել է մեխանիկական արարողություն․ - «Սակայն իշխանություններն այսօր այդ համաներումն իրականացնում են ինչ-որ պատրվակ գտնելու համար բանտերը բեռնաթափելու։ Դատական համակարգը, արդարադատության համակարգը․․․ լծված է բանտերը լցնելու ֆունկցիայով»։

«Քանի որ Հայաստանում շատ հաճախ բանտում են հայտնվում նաև անմեղները, իսկ բանտերում բացակայում են տարրական կենսապայմանները, համաներումը դառնում է անհրաժեշտություն», - ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Վերհիշելով անցած տարիների համաներման որոշումները՝ Սահակյանը թվարկեց դրանց թերությունները․ չկա հստակ քաղաքականություն համաներում հայտարարելու մասին, որոշումները հաճախ կամայականորեն են կիրառվում։ Իբրև օրինակ Սահակյանը նշեց 2008-ի մարտի 1-ից հետո միջազգային կառույցների ճնշմամբ համաներմամբ ազատ արձակվածներին:

2013 թվականին համաներմամբ ազատ է արձակվել ավելի քան 700 մարդ։ Այժմ Հայաստանի բանտերում գտնվում է ավելի քան 4500 կալանավոր և դատապարտյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG