Բեռլինը ծայրաստիճան բացասական է գնահատում Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» անկախությունը պաշտոնապես ճանաչելու գաղափարը։
Եվրոպական միության առաջատար տերություններից Գերմանիան` Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ համատեղ մասնակցում է ուկրաինական ճգնաժամի հարցով «նորմանդյան ձևաչափի» բանակցություններին և էապես նպաստել է այսօրվա դրությամբ գործող պայմանավորվածությունների ստորագրմանը։
Երեկ Գերմանիայի արտաքին գործոց նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ARD հեռուստակայանին ասել է, թե Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը բոլոր դեպքերում պետք է պահպանվի, ինչպես դա նախատեսված է մինսկյան համաձայնությամբ։
«Ես միայն կարող եմ հույս հայտնել, որ այն, ինչ լսել ենք` չի համապատասխանում իրականությանը», - ասել է Շտայնմայերը Ռուսաստանի կողմից Դոնբասի անջատական տարածքները ճանաչելու առայժմ սոսկ տեսական հնարավորության մասին։
Հարցն արծարծվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Վեստի Նեդելի» հեռուստածրագրին տված հարցազրույցում խոսելով Դոնեցկի և Լուգանսկի անջատական տարածքների մասին, միանշանակ չի բացառել ճանաչման հնարավորությունը։ Նա «ոչ արդյունավետ» է անվանել ճանաչման մասին խոսակցությունները։
«Ես չէի ցանկանա հիմա խոսել այդ մասին, որովհետև ինչ էլ ասեմ` ոչ արդյունավետ կլինի։ Մենք հաշվի ենք առնելու կյանքի թելադրած իրողությունները»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Հենց այդ հանգամանքն է Արևմուտքի վրդովմունքը հարուցել, քանի որ այդօրինակ խուսափողական հայտարարությունն առնվազն տեսականորեն օրակարգում է թողնում ապագայում ինչ-ինչ հանգամանքներում անջատական տարածքները ճանաչելու հնարավորությունը։ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը միջազգային ասպարեզում վստահելի և անկախ գործընկեր է, որն ինքնուրույն քաղաքականություն է վարում։
«Մենք երկիր ենք, որը դրսում ինքնիշխան քաղաքականություն է վարում, իսկ ներսում իրականացնում է այն, ինչ ժողովուրդն է պահանջում, և հենց այդ տեսակետից մենք վստահելի գործընկեր ենք, քանի որ ոչ մեկի նվագի տակ չենք պարում, չենք փորձում հարմարվել օրվա թելադրանքին»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
«Վեստի Նեդելի» ծրագրին տված հարցազրույցում նա Ուկրաինայի ճգնաժամի մասին է խոսել նաև Իրանի և Իսրայելի հետ հարաբերությունների ենթատեքստում։ Ռուսաստանն օրերս հայտնել է Իրանին С-300 տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռային կայանքներ մատակարարելու մասին։ Ի պատասխան դրան, Իսրայելը հայտարարել է, որ կարող է Ուկրաինային զենք տրամադրել։
«Դա Իսրայելի ղեկավարության ընտրությունն է, նրանք կարող են անել այն, ինչ նպատակահարմար են գտնում, բայց դա ոչ արդյունավետ ընտրություն է, քանի որ С-300-ները պաշտպանական տեսակի զենք են և Իսրայելի պաշտպանունակություն չի խարխլում, իսկ հարձակողական զենք Ուկրաինային փոխանցելը միայն կհանգեցնի սպառազինությունների մրցավազքի նոր փուլի»,- ասել է Պուտինը։
Մինչդեռ բուն Ուկրաինայում լայնածավալ մարտեր չկան, բայց առճակատումը շարունակվում է։ Կողմերը միմյանց են մեղադրում։
«Մինսկի համաձայնությունը չի գործում հիմնականում ուկրաինական կողմի մեղքով»,- այսօր ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Կիևն էլ պնդում է, որ ռուսները շարունակում են զենք տրամադրել անջատականներին։
«Մեր հետախուզության տվյալներով, անցած օրերին Ռուսաստանից Դեբալցևո` Դովժանսկի անցակետով փոխադրվել է «Ուրալ» մակնիշի 50 բեռնատար և 20 զրահամեքենա, երկաթուղով էլ 40 վագոն ռազմական բեռ է փոխադրվել»,- ասել է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրիյ Լիսենկոն։