Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան կուսակցությունը՝ Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ


Աշոտ Ղուլյան, արխիվ
Աշոտ Ղուլյան, արխիվ

Այսօր Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցել է Գերմանիայի Բաուտցեն քաղաքում անցկացվող Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության 13-րդ տարեկան համագումարի աշխատանքներին:

ԱԺԿ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ ԵԱԴ լիագումար նիստի ժամանակ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել իր կուսակցության գործունեությունը և ապագա ծրագրերը ներկայացնող ելույթով, որին հետևած քվեարկության արդյունքում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը միաձայն ընդունվել է որպես ԵԱԴ ասոցացված անդամ։

Իր ելույթում Աշոտ Ղուլյանը կարևոր և բնական է համարել ԱԺԿ-ի ասոցացված անդամակցությունը ԵԱԴ-ին՝ նշելով, թե «ԼՂՀ-ի քաղաքական կյանքում առաջին անգամ է, որ զուտ արցախյան կուսակցությունն անդամակցում է եվրոպական կուսակցական ընտանիքին՝ իր առանցքում ինքնորոշման իրավունքն ունեցող ընդհանուր արժեքային հիմքի վրա»:

«Աշոտ Ղուլյանը կարևորել է ԱԺԿ-ԵԱԴ համագործակցության շրջանակներում Եվրոպական ազատ դաշինքին անդամագրված կուսակցությունների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների հեռանկարները, ինչը լայն հնարավորություններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և միջազգային գործընթացներին ինտեգրվելու համատեքստում», - ասված է հաղորդագրությունում։

Եվրոպական ազատ դաշինքը քաղաքական կուսակցություն է Եվրոպայում, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող տարբեր եվրոպական կուսակցությունների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG