Մատչելիության հղումներ

Արա Գոչունյան. «Ստամբուլի հայությունը զուսպ կեցվածք է նախընտրում»


«Ժամանակ»-ի խմբագիր Արա Գոչունյանը Երևանում հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
«Ժամանակ»-ի խմբագիր Արա Գոչունյանը Երևանում հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիրը փոխանցում է թուրքահայության գնահատականները Պապի ելույթի ու Անկարայի պահվածքի շուրջ։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձին պաշտոնական Թուրքիան արձագանքել է չափազանց զայրացած մեկնաբանություններով. Անկարայում Վատիկանի դեսպանին բողոք են հայտնել, Վատիկանից Անկարայի դեսպանին հետ են կանչել և սպառնացել, թե առաջիկայում կլինեն պատասխան նոր քայլեր։

Ինչպե՞ս են այս զարգացումները գնահատում Թուրքիայում բնակվող հայերը՝ խաղաղ մարդիկ, ովքեր կյանքի, աշխատանքի, կենցաղի, սոցիալական կապերի բերումով ամեն օր շփվում են իշխանության, բարեկամների, ծանոթ-անծանոթների, հարևանների կամ գործընկերների հետ և լսում են պաշտոնատար անձանց ելույթները։ Պատասխանելով «Ազատության» այս հարցին, Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանն ասաց, որ հայերը նախընտրում են զգուշավոր կեցվածք դրսևորել։

Նրա փոխանցմամբ՝ Թուրքիայի հայերը Վատիկանում մատուցված պատարագին հետևել են անմիջական հետաքրքրությամբ։ Դա պայմանավորված էր երկու հանգամանքով. առաջինը Կաթոլիկ եկեղեցու քահանայապետի հնչեցրած հայտարարությունն էր, որում նա 1915 թվականի իրադարձություններըը որակել է որպես ցեղասպանություն, երկրորդը` պատարագին Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսների և Հայաստանի նախագահի մասնակցությունը։

«Թուրքիայի հայությունը նման իրավիճակներում փորձում է կողմնորոշվել առավել զգուշավորությամբ և ինչպես միշտ՝ այս պարագայում ևս ստեղծված մթնոլորտին մոտենում է իր քաղաքացիական պարտականությունների և իր արմատներով պայմանավորված զգայունությունների հավասարակշռության մեջ», - ասաց Գոչունյանը։

«Ժամանակ»-ի խմբագրի խոսքով, Թուրքիայում դիվանագիտական մակարդակի վրա հնչում են բուռն բողոքներ, գնահատականները բավական խիստ են, լրատվամիջոցներում խնդիրը լայն արձագանք ունի, բայց այդ երևույթները, ըստ Գոչունյանի, 2015 թվականի ենթատեքստում արդեն անակնկալ չեն, արդեն սպասվում էին այսպիսի վիճակներ։

«Հետևաբար, Թուրքիայի հայությունն էլ հետևում է իրադարձություններին և փորձում է իր դիրքորոշումը հստակ արտահայտել և իր պահվածքով մեր ապրած հասարակության մեջ թյուրիմացություններին տեղի չտալու ձևով առաջնորդել», - ասաց Արա Գոչունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG