Մատչելիության հղումներ

Հանգուցյալ ՀՀԿ-ականի կինը պնդում է՝ վարչապետի որդու պատճառով կարող է կորցնել ժառանգությունը


Հանգուցյալ ՀՀԿ-ականի կինը պնդում է՝ վարչապետի որդու պատճառով կարող է կորցնել ժառանգությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը հերքում է այս մեղադրանքները։

Ամիրյան փողոցում գործող «Նացիոնալ» հյուրանոցային համալիրի շուրջ կրքերը չեն հանդարտվում:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, հանգուցյալ Մելիք Գասպարյանի կինը՝ Վարդա Մկրտչյանը պնդում է, որ ամուսնու մահից հետո կառուցապատման աշխատանքները վստահել են վարչապետի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, քանի որ անհրաժեշտ գումար չեն ունեցել՝ շենքն ավարտուն տեսքի բերելու համար: Սակայն, ըստ տիկնոջ, կրտսեր Աբրահամյանը չի կատարել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները և իրենք կանգնած են ամուսնու թողած ժառանգությունը կորցնելու վտանգի առաջ:

«Շենքը կառուցվել է ամուսնուս կողմից, նրա մահից հետո շենքի շինարարությունը վերցրել է վարչապետի որդին՝ Աբրահամյան Արգամը, պարտավորություն է ստանձնել, որ պետք է շենքի ավարտը տեսնենք։ Այսօր և շինարարությունն է կանգնել, և ստեղծվել է մի իրավիճակ, երբ ես և իմ անչափահաս որդին կորցնում ենք մեզ պատկանող ժառանգությունը»,- ասաց Մկրտչյանը։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ անհամաձայնության ու ժառանգության մասին է խոսքը, տիկին Մկրտչյանը պատասխանեց՝ չակերտները բացելուց առաջ ուզում է նախ հանդիպել վարչապետի հետ:

«Հուսով եմ, որ վարչապետը ժամանակ կգտնի, և մեր հանդիպումը կկայանա։ Մեկ Հայաստան, մեկ վարչապետ, խնդիրները շատ են, իհարկե, հասկանալի է։ Հիմա հուսով եմ, որ մոտ օրերս կկայանա այդ հանդիպումը, կստանամ այն հարցերի պատասխանները, որոնք ինձ շատ երկար տարիներ տանջում են»,- նշեց նա։

Վիճահարույց հյուրանոցային համալիրի տեղում տարիներ առաջ բազմաբնակարան շենք է եղել: Տասնյակ բնակիչներ իրենց սեփականությունը զիջել են՝ նույն շենքում մասամբ նորոգված բնակարան ստանալու պայմանով: Դատական քաշքշուկներից հետո ի վերջո ստացել են բնակարանները, բայց՝ առանց դրսի պատերի: Բնակիչներից 67-ամյա Վաչիկ Թադևոսյանն անհանգստացած է՝ քանի դեռ շենքի նախկին ու ներկայիս սեփականատերերը ունեցվածքի կռիվ են տալիս ,ինքը տասնյակ հարևանների հետ ստիպված է սեփական գրպանից վճարել բնակարան վարձակալելու համար:

«Իրենք իրենց կռիվների մեջ են և մոռացել են ժողովրդին, մարդիկ էսօր չեն կարողանում իրենց բնակարաններին տիրանան կամ գոնե վաճառքի հանեն, որ կարողանան գոնե ուրիշ տեղ մի բնակարան գնեն։ Մեզ ոչ մի դատարան չի էլ ընդունում։ Մենք գնացել ենք, ասում են՝ 2-3 տարի քաշ կգաք դատարաններում, ավելորդ փողեր կծախսեք և գործողությունը կմնա նույնը»,- պատմեց Թադևոսյանը։

Արդեն 10 տարի բարվոք վիճակում բնակարան ստանալու հույսով ապրող բնակիչների մեղադրանքները Վարդա Մկրտչյանը չի ընդունում: Ասում է՝ վարչապետի որդին պետք է լուծում տա թե՛ իր, և թե՛ տարիներ շարունակ վարձով բնակվող բնակիչների խնդիրներին:

«Հասկանում եմ բնակիչների վիճակը, բայց դրա պատասխանը ես չէ, որ պիտի տամ, այդ հարցով զբաղվել է վարչապետի որդին, կարող եք իրեն դիմել, ինքը ավելի ստույգ պատասխան կտա»,- ասաց նա։

Հանգուցյալ ՀՀԿ-ական պատգամավորի կինն ասում է, որ ինքն այսօր հայտնվել է ֆինանսական անելանելի վիճակում՝ վարչապետի որդու հետ ունեցած հակասությունների պատճառով: Վարչապետին հանդիպելու փորձերը դեռ ապարդյուն են: Ասում է՝ չէր սպասում, որ ամուսնու կուսակից ընկերոջ ընտանիքի պատճառով անչափահաս որդին կարող էր կանգնել հոր ժառանգությունից զրկվելու վտանգի առջև.- «Իմ ամուսինը ՀՀԿ-ական էր, ինձ համար ևս մեծ ցավ է, որ իր մահից հետո կարող է նման իրավիճակում հայտնվել նրա անչափահաս որդին»։

Վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց.- «Ես որևէ առնչություն չունեմ և չեմ ունեցել բարձրացված խնդիրների հետ, քանի որ վերոնշյալ համալիրի բնակելի հատվածի սեփականատեր չեմ և երբևէ կառուցապատման պարտավորություն չեմ ունեցել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG