Մատչելիության հղումներ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում է ազատ արձակել ՀԽ անդամներին


ՀԽ անդամներին տեղափոխում են Քննչական կոմիտե, 9-ը ապրիլի, 2015թ.

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) գտնում է, որ իրավապահ մարմինները գերազանցել են իրենց լիազորությունները, և դատարանները՝ «գործող արատավոր պրակտիկայի համաձայն», «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների կալանավորման որոշումները կայացրել են առանց բավարար և պատշաճ հիմնավորումների։

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին իրավապահ մարմինները զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալեցին «Հիմնադիր խորհրդարան»-ի (ՀԽ) առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ անդամներ Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին։ Ավելի ուշ նրանց մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում, նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Կիրակոսյանի խոսքով, «ոմանք կարող են ողջամիտ չհամարել Ցեղասպանության հիշատակի օրն այլևայլ նպատակների համար օգտագործելը, ուրիշները կարող են դա նույնիսկ ոչ բարոյական որակել, սակայն սա չի կարող հիմք հանդիսանալ մարդկանց կալանավորելու համար»։

««Հիմնադիր խորհրդարան»-ն իր գործունեության ողջ ընթացքում չի դիմել բռնության (հակառակը, շատ անգամներ բռնություն է կիրառվել հենց ԽՀ անդամների նկատմամբ), և իրավապահ մարմինները հասարակությանը համոզիչ հիմքեր չեն ներկայացրել՝ ապացուցելու, որ այս անգամ գործելու էր այլ եղանակով», - ասել է Կիրակոսյանը։

Քաղաքացիական հասարակությանը ինստիտուտը պահանջել է Հայաստանի իշխանություններից անհապաղ ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին, կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապրիլի 24–ին ապահովելու «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների՝ խաղաղ հավաքների և ցույցերի անցկացման սահմանադրական իրավունքի իրացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG