Մատչելիության հղումներ

Սարգսյանը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասերին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Սարգսյանը Բրասերին ներկայացրել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այդ բարեփոխումների անհրաժեշտությունն ու նպատակը:

«Երկուստեք հույս է հայտնվել, որ Վենետիկի հանձնաժողովը, որն իր դրական գնահատականն է տվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, կշարունակի ներգրավված մնալ այս գործընթացին», - ասված է նախագահականի հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ․ - «Հանրապետության նախագահը հյուրին հանգամանորեն ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլն ու առկա խնդիրները և կարևորել հակամարտող կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները՝ կոչ անելով ԵԽԽՎ շրջանակներում ձեռնպահ մնալ թշնամանք և սադրիչ մեղադրանքներ պարունակող նախաձեռնություններից, ելույթներից ու բանաձևերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG