Մատչելիության հղումներ

Թբիլիսի են ժամանել ԵՄ երեք երկրների ԱԳ նախարարները


Վրաստան - Ձախից՝ աջ․ Դանիայի, Վրաստանի, Լեհաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Մարտին Լիդեգաարդ, Թամար Բերուչաշվիլի, Գժեգոժ Սխետինա և Մարգոտ Վալստրյոմ, Թբիլիսի, 14-ը ապրիլի, 2015թ․
Վրաստան - Ձախից՝ աջ․ Դանիայի, Վրաստանի, Լեհաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Մարտին Լիդեգաարդ, Թամար Բերուչաշվիլի, Գժեգոժ Սխետինա և Մարգոտ Վալստրյոմ, Թբիլիսի, 14-ը ապրիլի, 2015թ․

Շվեդիայի, Լեհաստանի և Դանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատում են իրենց աջակցությունը Վրաստանի եվրոպական ձգտումներին:

Արևելյան գործընկերության Ռիգայում կայանալիք գագաթնաժողովից մոտ մեկ ամիս առաջ Եվրամիության անդամ երեք պետությունների` Շվեդիայի, Լեհաստանի և Դանիայի արտաքին գործերի նախարարները երեքշաբթի օրը ժամանել էին Թբիլիսի` հերթական անգամ իրենց աջակցությունը հայտնելով Վրաստանի եվրոպական ձգտումներին:

Թբիլիսիում կայացած բանակցությունների առանցքային թեմաներից մեկը Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու հեռանկարն էր: Եվրոպացի արտգործնախարարները, սակայն, խուսափում էին նշել` արդյոք Եվրամիությունն այդ որոշումը կկայացնի՞ Ռիգայի համաժողովի ընթացքում, թե՞՝ ոչ: Բարձրաստիճան դիվանագետների պնդմամբ՝ այժմ ամեն ինչ կախված է Վրաստանի իշխանությունների հետագա քայլերից:

«Մենք կողմ ենք Վրաստանի հետ վիզային ազատ ռեժիմ սահմանելու գաղափարին: Կան, սակայն, որոշ չափանիշներ, որոնց Վրաստանը պետք է համապատասխանի: Մեր զրույցներից ես հասկացա, որ որոշակի բարեփոխումներ են անհրաժեշտ դատաիրավական համակարգում, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության ասպարեզում: Այնպես որ, մեր ազդակը հստակ է` ակնկալիքները պետք է իրատեսական լինեն»,- Թբիլիսիում հայտարարում էր Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը:

Լեհական դիվանագիտության ղեկավար Գժեգոժ Սխետինայի կարծիքով էլ՝ Վրաստանի համար ամենաօպտիմալ տարբերակը Մոլդովայի փորձի կրկնությունն է: Այդ երկիրը, հիշեցնենք, անցած տարվա ապրիլից արդեն իսկ ազատ վիզային ռեժիմ է սահմանել Շենգենյան գոտու 26 պետությունների հետ:

«Մենք հույս ունենք, որ Վրաստանը նույն ուղով կգնա, ինչ Մոլդովան: Դա է ճիշտ ճանապարհը: Իհարկե, կան որոշ քայլեր, որոնք պետք է գործադրի վրացական կողմը: Ես այս առումով, սակայն, լավատես եմ», - հայտարարում էր Լեհաստանի արտաքին գործերի նախարարը:

Իսկ Դանիայի արտաիքն քաղաքական գերատեսչության ղեկավար Մարտին Լիդեգաարդի խոսքով՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը կախված կլինի այն զեկույցի բովանդակությունից, որ առաջիկայում կհրապարակեն Եվրամիության ներկայացուցիչները:

«Վերջնական որոշումը պետք է կայացվի այդ զեկույցի եզրակացություններից ելնելով: Զեկույցը ես դեռ չեմ տեսել, ուստի չեմ կարող այսօր հստակորեն պատասխանել այդ հարցին` արդյոք վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշումը կկայացվի՞ առաջիկայում, թե՞՝ ոչ: Ամեն դեպքում, մենք այս գործընթացի աջակիցն ենք», - հայտարարում էր Դանիայի արտաքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG