Այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանություններն անվանեց «ցեղասպանություն», թուրք հաքերները երկուշաբթի երեկոյան շարունակաբար հարձակման են ենթարկել Վատիկանի կայքը:
Ինչպես հայտնում է The Hill պարբերականը, vatican.va կայքի աշխատանքը խափանվել է երկուշաբթի երեկոյան, սակայն վերականգնվել է երեքշաբթի առավոտյան: Մի թուրք հաքեր Թվիթերում թողած գրառմամբ պատասխանատվություն է վերցրել հարձակման համար՝ պահանջելով, որ Պապը հրաժարվի իր խոսքերից:
Սա առաջին անգամը չէ, որ Վատիկանի կայքը հարձակման է ենթարկվում հաքերների կողմից: Հաքերների միջազգային Anonymous խումբը խափանել էր կայքի գործունեությունը և Վատիկանի ռադիոն 2012-ին:
Հիշեցնենք, որ Հռոմի պապի ելույթը, որում նա դարասկզբի հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» անվանեց մեծ դժգոհությունների առիթ էր դարձել Թուրքիայում: Անկարան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին: