Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նախագահը հանդիպումներ ունեցավ Հայաստանի Ազգային ժողովում


ԵԽԽՎ-ի նախագահը հանդիպումներ ունեցավ Հայաստանի Ազգային ժողովում
please wait

No media source currently available

0:00 0:05:54 0:00

«Սահմանադրական բարեփոխումների հարցում կարևոր է մեծամասնության հավանությունը», - Ազգային ժողովում այսօր հայտարարեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասերը:

Նա հանդիպեց խորհրդարանի ղեկավարի, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների, ԱԺ խմբակցությունների, Մարդու իրավունքների, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարների հետ:

Թեև եվրոպացի պաշտոնյան լրագրողների հարցերին չպատասխանեց, բայց հրապարակային որոշ հայտարարություններ արեց․ - «Նման ընտրության և նման բարեփոխումների պարագայում և շրջանակում շատ կարևոր է ապահովել մեծամասնության ընդհանուր դիրքորոշումը: Լիարժեք համակարծություն, միակարծություն ապահովելը գրեթե անհնար է, բայց համակարծությունը շատ կարևոր է»:

Խորհրդարանական ուժերից երեքը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը և Հայ ազգային կոնգրեսը «Ազատությանը» փոխանցեցին, որ եվրոպացի պաշտոնյայի հետ զրույցում վերահաստատել են սահմանադրական բարեփոխումների մասին իրենց բացասական դիրքորոշումը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, ինքը պնդել է, որ ռեֆորմը մեկ նպատակ ունի՝ ապահովել Սերժ Սարգսյանի հետագա կառավարումը․ - «Մնացած փոփոխություններին մենք դեմ չենք՝ մարդու իրավունքներին վերաբերող, արդարադատությանը, դատական իշխանությանը ավելի մեծ անկախություն տալուն, այդ բոլոր բաներին մենք դեմ չենք: Մենք դեմ ենք կառավարման ձևի փոփոխությանը, որը թույլ է տալիս նրան շրջանցել սահմանադրական արգելքը՝ սեփական իշխանության երկարացման համար»:

Նաիրա Զոհրաբյանն (ԲՀԿ խմբակցության ղեկավար) ասաց, որ «Բարգավաճ Հայաստան»֊ի անունից ինքը վերահաստատել է իրենց տեսակետը․ - «Ունենալով արտաքին և ներքին նման լրջագույն խնդիրներ, ունենալով այսպիսի լարվածության էսկալացիա սահմանին՝ գնալ կառավարման համակարգի փոփոխությանը երկրի համար լրջագույն մարտահրավերներ և պրոբլեմներ է ստեղծելու»:

Անն Բրասերն այսօր չօգտագործեց «ցեղասպանություն» եզրը․ հարյուր տարի առաջ տեղի ունեցածը որակեց «զանգվածային սպանություններ»․ - «Հարյուրամյակին նվիրված միջոցառումները, որ տեղի են ունենում և կմեկնարկեն ապրիլի 24-ին, շատ կարևոր են անցյալը հիշելու տեսանկյունից: Որպեսզի հիշենք և տուրքը մատուցենք այն բոլոր նահատակների հիշատակին, որ զոհվեցին հարյուր տարի առաջ, գանք ընդհանուր հայտարարի այսօրվա դրությամբ, որպեսզի գալիք սերունդները չտեսնեն նման ջարդեր»:

Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն») խոսքով, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ-ի ղեկավարը նաև ասել է․ - «Երբ Հռոմի պապը այս մասին արձագանքեց, կարծում եմ, որ ճանաչման վերաբերյալ մենք կունենանք ավելի մեծ, լայն համախոհներ»:

Հայաստանյան պատվիրակությանն անհանգստացնում է վեհաժողովում այժմ պատրաստվող զեկույցը, որը վերնագրված է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»:

Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ, զեկուցողը՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը չի պատրաստվում այցելել Լեռնային Ղարաբաղ․ - «Ես, բնականաբար, հարցրեցի, թե ինչպես է պատկերացնում տիկինը, որ կարող է անաչառ լինել մի զեկույց, որտեղ արդեն ըստ էության դատավճիռ և վերջնական գնահատական է հնչեցված: Եվ ես օրինակ բերեցի, որ իրենք՝ հենց Եվրոպայի խորհուրդը Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցող է նշանակել ԵԽԽՎ անդամ մի տիկնոջ, որ շատ երկար ժամանակ վստահորեն համոզված էր, որ Սարսանգը գտնվում է Հայաստանում»:

«Զեկույցի վերնագիրն էլ հերիք է», - ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը․ - «Նշելով Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս՝ անմիջապես ԵԽԽՎ-ն անթույլատրելի միջամտություն է կատարում բանակցությունների ընթացքի վրա, և դա իրականում ոչ թե կնպաստի բանակցությունների ընթացքին, այլ հակառակը՝ կխարխլի փխրուն պրոցեսը»:

Բրասերը հավաստիացրեց, թե զեկույցի նպատակը Մինսկի խմբի գործընթացին միջամտելը չէ, այլ լուծումներ գտնելուն նպաստելը: Նա հույս հայտնեց, որ հայկական կողմն էլ կմասնակցի փաստաթղթի պատրաստմանը:

Նաիրա Զոհրաբյանը բացառեց մասնակցությունը․ - «Հայկական պատվիրակության ներկայացուցիչները՝ թե՛ ես, թե՛ մյուս մեր գործընկերները նշեցինք, որ մենք, բնականաբար, չենք պատրաստվում համագործակցել ադրբեջանցի լոբբիստ Բոբ Ուոլթերի հետ՝ նման կանխակալ զեկույց պատրաստելու գործում: Որովհետև մենք հրաշալի գիտենք, որ այդ զեկույցը վաղուց գրված և պատրաստ է, և Բոբ Ուոլթերը ընդամենը ստորագրելու է այդ զեկույցի տակ»:

Լևոն Զուրաբյանն ասաց, որ ԵԽԽՎ-ի նախագահին նաև հիշեցրել է, որ 7 տարի անց բացահայտված չեն Մարտի 1-ի դեպքերը, տեղեկացրել է Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորման մասին․ - «Ստիպված էի արձանագրել այն փաստը, որ մենք նորից հայտնվել ենք քաղբանտարկյալներ ունեցող երկրի կարգավիճակի մեջ»:

Սեֆիլյանի և նրա համախոհների կալանավորմանն անդրադարձել է նաև Զարուհի Փոստանջյանը․ - «Խնդրեցի, որ նա այցելի բանտեր: Բայց ասաց, որ իր առաքելության մեջ այս խնդիրը չի մտնում: Այլ առաքելություններ կարող են լինել, որոնք կայցելեն»:

Փոստանջյանը նաև ասաց, որ Բրասերին փոխանցել է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուս սահմանապահ Վալերի Պերմյակովն անօրինական է պահվում ռուսական կողմի մոտ և բարձրացրել է նրան հայ իրավապահներին փոխանցելու հարցը․ - «Եթե տեղի չունենա այն արդարադատությունը, որը մենք ենք ընկալում, այս դեպքում, իհարկե, մենք իրավունք ունենք նաև բողոքներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ևս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG