Մատչելիության հղումներ

«Մենք այլ 20-րդ դար կունենայինք, եթե միջազգային հանրությունը միասնական արձագանքեր Ցեղասպանությանը»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իտալական Corriere Della Sera պարբերականին։

«Մենք այլ 20-րդ դար կունենայինք, եթե միջազգային հանրությունը միասնական արձագանքեր Հայոց ցեղասպանությանը, և հավանաբար այսօր չէինք խոսի այն մասին, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում՝ քրիստոնյա փոքրամասնությունների հետ», - իտալական Corriere Della Sera պարբերականի հետ հարցազրույցում, խոսելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահը հիշեցրել է Հիտլերի խոսքերը. - «Ո՞վ է, ի վերջո, այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»:

«Միտում կա թերագնահատել քսաներորդ դարի դասերը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով. - «Շատ հաճախ շահերն արժեքներից ավելի գերակա են դառնում»։

«Հարյուրամյակի տարելիցի մեր ուղերձը վերաբերում է ցեղասպանությունների կանխարգելմանը։ Սա քաղաքական հանձնառության խնդրանք է՝ ամբողջ միջազգային հանրությանը, և մենք ունենք դրա բարոյական իրավունքը։ Նման հանցագործությունները կանխարգելելն ու պատժելը չպետք է ստորադասվեն աշխարհաքաղաքական շահերին։ Ցավոք, մտավախություն ունեմ, որ ցեղասպանության դարը չի ավարտվել։ Մերձավոր Արևելքում, որտեղ հիմնական թիրախներն են էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, մենք ցեղասպանության սկիզբ ենք տեսնում, հասել ենք մի կետի, որտեղ հավաքական ջանք գործադրելու անհրաժեշտություն կա», - իտալական պարբերականի հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը։

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է հարյուր տարի անց տեղի ունեցածի շուրջ համաձայնության գալն այդքան դժվար, կա գաղտնապահություն ու լռություն ու ոչ միայն Թուրքիայի կողմից, նախագահ Սարգսյանը պատասխանել է. - «Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը չի վիճարկվում, 1919 թվականին նույն թուրքական ռազմական դատարանը դատապարտել է Ցեղասպանության հեղինակներին՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Անկարան ընդունում է, որ եղել են խաղաղ հայ բնակիչների սպանություններ։ Որոշ պետություններ դա անվանում են ցեղասպանություն, որոշները կոտորած, այլ պետություններ՝ ողբերգություն։ Ցեղասպանությունը չճանաչաճելու հանգամանքն էլ պայմանավորված է Թուրքիայի հետ այդ երկրների շահերով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG