Մատչելիության հղումներ

Մահվան ելքով պայթյունից տուժած բնակիչները փոխհատուցման հույս չունեն


Մահվան ելքով պայթյունից տուժած բնակիչները փոխհատուցման հույս չունեն
please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00

Բնակիչների խոսքով, բացի փրկարարներից ու իրավապահներից, իրենց որպիսությունը հարցնելու համար որևէ մեկը մինչ օրս թաղամաս չի այցելել։

Ապրիլի 5-ին Ավան թաղամասում տեղի ունեցած և մեկ մարդու մահվան պատճառ դարձած պայթյունի փաստով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ այժմ փորձում են պարզել, թե արդյոք պայթյունը գազի սպասարկման որակի ու տեխնիկական խնդիրների պատճառով է եղել։

Գազասարքերի անվտանգության պատասխանատու «Էյ-Ջի» ընկերության տնօրենի տեղակալ Արման Նալբանդյանն ասում է, որ մասնագետները բնակիչներին այցելել են դեպքից 6 ամիս առաջ։ Բացառում է, որ նրանք թերացած լինեն սպասարկման հարցում։

«Բացառում եմ։ Տարին 2 անգամ սպասարկում են, սպասարկման օրը եղել է, հաջորդը պետք է լիներ ապրիլ ամսին։ Դեռ չէինք հասցրել լինել։ Բնակիչներից էլ ահազանգ չենք ստացել։ Մի մասն ասում է գազի հոտ զգացել ենք, մյուս մասն ասում է՝ չենք զգացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց գազասարքերի անվտանգության պատասխանատու ընկերության ներկայացուցիչը:

Արման Նալբանդյանը նաև քիչ հավանական է համարում գազի արտահոսքը։ Ասում է, որ մեթան գազի միայն մեծ ծավալի կուտակման դեպքում կարող է պայթյուն առաջանալ։

Փլուզված տան հին ու ոչ հերմետիկ պատուհանները մատնանշելով՝ Նալբանդյանն ասում է․ - «Փականից պետք ա բացեին ու թողնեին, ինչ աստիճանի պիտի լցվի, որ 10-15 տոկոս կուտակվի ու պայթյուն առաջանա: Քանի որ փլատակներ են, չենք կարողանում մուտք գործել՝ հասկանալու՝ ինչ է եղել։ Ազդանշանային սարքը եղել է, բայց չգիտենք՝ միացված է եղել, թե ոչ։ Քննությունը կպարզի՝ ինչ է եղել»։

Առանձնատան փոխարեն տեղում հիմա քարակույտ է։ Կահույքի մի քանի կտորներ են միայն նշմարվում։ Դեպքից տասն օր անց դեռ շուրջբոլորը փոշի է։ Հարևանները սարսափով են պատմում տեղի ունեցածի մասին: Ուժգին դղրդոցից քարաբեկորների հարվածներ են ստացել նաև իրենց տները։

«Մեկ էլ տեսանք պայթեց, ծուխը ելավ օդ», - պատմեց հարևաններից մեկը:

«Եթե վարագույր չլիներ, էս ներքևում երեխաս էր պապիկի հետ, թափվելու էր իրենց վրա», - նշեց մեկ ուրիշ բնակիչ:

6-րդ փողոցի բնակիչ Սիրանույշ Եփրեմյանն ասում է՝ նոր ծախսերի առաջ են կանգնել։ Ամենաշատն իրենց ընտանիքն է տուժել պայթյունից։ Այժմ պատուհանները ապակիների փոխարեն պոլիէթիլենով են պատված։ Սակայն փոխհատուցման հույս չունեն։

«Եվրո լուսամուտներ, դռներ, 6 ամիս առաջ ենք փոխել։ Գոնե հին լիներ։ Ու ոչ մեկը ոչ եկել է, ոչ ասել են, որ գոնե մի մասը իրենք կփոխհատուցեն», - ասաց Եփրեմյանը:

Ինչպես Սիրանույշը, այնպես էլ դեպքից տուժած մյուս հարևանները չեն էլ պատրաստվում որևէ պատասխանատու փնտրել․ արձագանքի հույս չունեն։ Բացի փրկարարներից ու իրավապահներից, իրենց որպիսությունը հարցնելու համար որևէ մեկը մինչ օրս թաղամաս չի այցելել։

«Երևի քաղաքապետարանին պիտի դիմես ու առանց պատուհանի ամիսներով սպասես ու հարց է, թե ինչ-որ բան կլինի, թե ոչ: Էնքան կտանեն-կբերեն, որ դու էլ չես ուզի իրենցից ինչ-որ բան սպասես», - նշեց տուժած բնակչուհին:

«Պետություն կա՞, որ պետությունից մի բան ուզես։ Նայեք հողի հետ հավասարվել ա ամբողջ շրջակայքը, ո՞վ ա գալու, մի բան ասի...», - «Ազատության»-ը փոխանցեց մեկ ուրիշ բնակիչ:

«Էյ-Ջի» ընկերության փոխտնօրեն Արման Նալբանդյանն ասում է, որ փոխհատուցման մասին ասելիք չունի, քանի դեռ չկա իրավապահ մարմինների քննության արդյունքը։ Պնդում է, որ հատկապես վերջին տարիներին իրենց ծառայության որակը բարձրացել է։ Մինչդեռ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը գազի ներտնային սպասարկման որակի հետ կապված մտահոգություններ ունի։ Ասում է, որ ըստ իրենց դիմած բնակիչների, գազասարքերի անվտանգության ստուգումը հաճախ ձևական բնույթ է կրում։

«Երբեմն գալիս են, ասում՝ բարև ձեզ, այստեղ ստորագրեք, ու համարում են, որ դրանով ծառայությունը մատուցել են, իսկ մենք պետք է գիտակցենք, որ պետք է լիարժեք կատարեն», - ասաց Արմեն Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG