Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը ելույթ ունեցան հայաստանցի երեք ծանրորդներ:
Տղամարդկանց պայքարում 69 կգ քաշային կարգում Ռոստամ Կարապետյանը և Վանիկ Ավետիսյանը մեդալներ նվաճել չկարողացան: Աշխարհի առաջնության 5-րդ մրցանակակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյանը, ումից ակնկալիքները մեծ էին, բավարարվեց 4-րդ հորիզոնականով՝ երկամարտի 312 կգ արդյունքով (137+175): Նախորդ տարի Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնությունում Ավետիսյանը արծաթե մեդալ էր նվաճել երկամարտի 315 կգ (140+175) արդյունքով:
69 կգ քաշային կարգի Ռոստամ Կարապետյանը երկամարտի 308 կգ (138+170) արդյունքով հայտնվեց 6-րդ հորիզոնականում:
Կանանց պայքարում 53 կգ քաշային Աննա Գովելյանը պոկում վարժությունում գրանցեց 82 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 95 կգ ծանրաձողը: Երկամարտի 177 կգ արդյունքով Գովելյանը զբաղեցրեց 6-րդ տեղը:
Վաղը հայ ծանրորդներից 58 կգ քաշային կարգում ելույթ կունենա Իզաբելա Յալյանը, ումից ևս մեդալ է ակնկալվում:
Ա.Մ.