Մատչելիության հղումներ

Վահանաձև գեղձի հիվանդություններ ունեցողների թիվը Հայաստանում աճում է


Հիվանդանոց Հայաստանում, արխիվ

Վերջերս հաճախացել են վահանագեղձի քաղցկեղի դեպքերը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին տարիներին վահանաձև գեղձի չարորակ ուռուցքներ ունեցող մարդկանց թիվը Հայաստանում գրեթե երկուսուկես անգամ ավելացել է, և սա այն դեպքում, երբ երկրի բնակչության թիվը չի աճել:

Եթե 2004 թվականին երկրում 35 հիվանդ է գրանցվել, ապա 2013-ին այդ թիվը հասել է 89-ի:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Պողոս Պողոսյանն ասում է, որ հիվանդանում են հիմնականում միջին տարիքի կանայք՝ 30-50 տարեկան: Հստակ պատճառները պարզված չեն, սակայն բժիշկները խոսում են հնարավոր գործոնների մասին:

«Հորմոնալ խանգարումները կանանց մոտ ավելի շատ են լինում, որովհետև հիմա ուշ են ամուսնանում, երեխա շատ քիչ են ունենում, կրծքով չեն կերակրում՝ էդ բոլորը հորմոնալ ֆոնը աղավաղում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում կան որոշ գոտիներ, որտեղ յոդի պակաս կա․ - «Չի բացառվում, որ դա էլ ազդում է վահանագեղձի հիվանդությունների շատացմանը, և էդ շատացման ֆոնի վրա չի բացառվում նաև ուռուցքների առաջացումը»:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը վերջին մեկ ամսվա ընթացքում կանանց համար զեղչ էր հայտարարել, ինչի արդյունքում այցելուների թվի մեծ աճ է ունեցել: Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ ամենաշատ շեղումները արձանագրվել են հենց վահանաձև գեղձի հետազոտության ընթացքում:

«Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա կատարվեց 91 այցելուի: Այստեղ, ցավոք սրտի, վահանաձև գեղձի դեպքերը գրանցվեցին՝ քաղցկեղի երեք դեպք, տարբեր տիպի փոփոխություններ՝ գրեթե բոլորի մոտ․ երևի թե նորմա արձանագրվել էր հինգ-վեց հոգու մոտ: Եվ պետք է ասեմ նաև, որ երբ մենք այցելում ենք գյուղեր, շրջաններ, մեր արտագնա հետազոտությունների արդյունքում գրեթե մեր հասարակության հետազոտվող մասի բոլորի մոտ հայտնաբերվում են վահանաձև գեղձի շեղումներ այս կամ այն չափով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ վերջերս վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքերը բավականաչափ հաճախ են դարձել:

Առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը ևս փաստում է՝ տարեցտարի վահանաձև գեղձի հիվանդություններով տառապողների թիվը ավելանում է, ինչը պայմանավորված է թե՛ յոդի պակասով, թե՛ այլ գործոններով: Եթե 2007-ին գրանցված էր մոտ 8․5 հազար հիվանդ, ապա 2013-ին այդ թիվը ավելացել է մոտ 3 հազարով: Սա սակայն, ըստ Թորոմանյանի, իրական պատկերը չի արտացոլում, քանի որ շատերը պարզապես տեղյակ չեն իրենց հիվանդության մասին կամ գրանցված չեն:

«Գրանցվածները քիչ են, քանի որ գրանցման չեն կանգնում: Նպատակը ի՞նչ է․ եթե, ասենք, Աստված չտա, ձեզ մոտ խնդիր լիներ, դուք չէիք գնա պոլիկլինիկա գրանցվեք՝ ո՛չ անվճար բուժում եք ստանալու, ո՛չ անվճար հետազոտություն եք ստանալու, գրանցվելու կարիք չկա: Թե քանիսն են գնացել բժիշկների, իրենց մոտ դիագնոզվել է այս կամ այն խնդիրը՝ դուք չեք կարող երբեք ճիշտ ստատիստիկա ունենալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թորոմանյանը:

Ավելին, Առողջապահության նախարարությունը միայն այս տարի է սկսել գրանցել վահանաձև գեղձի՝ վերջին տարիներին ամենից հաճախ հանդիպող հիվանդություններից մեկը, երբ օրգանիզմը հակամարմիններ է ստեղծում իր իսկ հորմոնների նկատմամբ: Գլխավոր մասնագետի խոսքով՝ այս հիվանդության պատճառներից մեկը բժիշկները համարում են աղտոտված շրջակա միջավայրը:

«Էկոլոգիայի, որը կապում են քիմիական նյութերի, սննդակարգի հետ, որը քիմիական նյութեր է պարունակում, որը հակամարմիններ է առաջացնում: Օրգանիզմը սխալվում է և դեպի իր հարազատ հորմոնները սկսում է արտադրել հակամարմիններ, որոնք, ձեր մոտ վահանաձև գեղձը կարող է նորմալ աշխատի, բայց հակամարմինները շատ լինեն, դրանք չեզոքացնեն այդ հորմոնները, և այդ հետևանքով մենք ունենանք արդեն էլի նույն թերվահանագեղձության պատճառը», - նշեց Էդվարդ Թորոմանյանը:

«Հիմա ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում՝ մեր մոտ, զգացվում է, որ սկսել է աճ նաև վահանաձև գեղձի ուռուցքների», - ասաց գլխավոր մասնագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG