Պաշտոնական այցով նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Հռոմում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիին:
Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի նախագահի այցելությունը կնպաստի հայ - իտալական գործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը: Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները համակարծիք էին, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար լավ հիմք են երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու փոխադարձ բարեկամության ավանդույթները։
Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, բազմակողմ ձևաչափերում գործակցության սերտացմանը, երկու երկրների ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացմանը վերաբերող հարցերին:
Նալբանդյանն իտալացի գործընկերոջն է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում և ողջ աշխարհում կազմակերպվելիք միջոցառումները՝ ընդգծելով, որ այս խորհրդանշական տարելիցը առավելագույնս պետք է ծառայի հետագայում ցեղասպանությունները կանխելու կարևոր առաքելությանը, որի ուղղությամբ Հայաստանը ակտիվ ջանքեր է գործադրում: Այս համատեքստում նա շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման բանաձևը Իտալիայի կողմից համահեղինակելու համար։
Հանդիպման օրակարգում էին Հայաստան - Եվրամիություն համագործակցության հարցերը:
Նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների: Նալբանդյանը Ջենտիլոնիին է ներկայացրել Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: