Մատչելիության հղումներ

Օրենսդրական բացը հրատապ լուծում է պահանջում


Երևանի բնակչուհի Վարսենիկ Նալբանդյանը պետության կողմից տրամադրվող անվճար դեղորայք ստանալու իրավունքից օգտվել չի կարող:

Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ իր տեղամասային պոլիկլինիկայում և մասնավոր լաբորատորիաներում արված նույն հետազոտությունների արդյունքները տարբերվում են:

«Չվստահելով պոլիկլինիկայի ցուցմունքին՝ գնացի վճարովի արյան կենտրոն, որտեղ հաստատեցին իմ կասկածները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նալբանդյանը՝ շարունակելով․ - «Այդ ցուցանիշներով ես գնացի մեր պոլիկլինիկա: Էնդոկրինոլոգը նայեց, անգամ գովաբանեց իմ քայլերը, բայց ասաց՝ մենք հաշվի ենք առնում միայն մեր ցուցանիշները, մեր լաբորատորիայի, մեր օղակի մեջ»:

Իսկ պոլիկլինիկայում ստացված արդյունքները ցույց են տվել, որ արյան մեջ շաքարը նորմայի սահմաններում է:

«Ես էլ ասեցի՝ հիմա դուք ի՞նչ եք առաջարկում: Ես լավ չեմ զգում ինձ, ոչ մեկը չի ուզի ավելորդ դեղ խմի, ոչ ոք չի ուզի բողոքներ ունենա առողջական, բայց ինձ այդ բողոքներն են բերել ձեզ մոտ: Ինձ, իհարկե, չտվեցին ոչ մի բան, դեղորայք չգրեցին՝ ասելով, որ մենք վստահում ենք միայն մեր լաբորատորիային», - պատմեց Վարսենիկ Նալբանդյանը:

Մասնավոր լաբորատորիներից մեկի տնօրենը «Ազատության» հետ զրույցում համաձայնեց, որ հաճախ իրենց դիմողները բարձրաձայնում են այդ խնդիրն ու բողոքում․ - «Հնարավոր է, որ այդ տարբերությունը մեծ լինի: Այդ դեպքում ուղղակի հասկանում ես այցելուին, որը շիվար մնում է իր պատասխանների ձեռքը՝ առանց հասկանալու»:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ծաղիկ Վարդանյանն ասում է, որ լաբորատորիաներում նույն հետազոտության տարբեր պատասխաններ ստանալու իրողության հետ կապված նախարարությունը ևս բողոքներ է ստանում անհատներից ու հասարակական կազմակերպություններից:

Նախարարության ուսումնասիրությունները նույնպես փաստում են, որ նման խնդիր իրոք գոյություն ունի:

«Հիմա փորձում ենք լուծել խնդիրը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը: - «Այդ ուղղությամբ մի շարք իրավական ակտեր են պատրաստվում: Մենք հասկանում ենք, որ հարցին լուծում տալու համար առաջինը պետք է օրենսդրական դաշտը կարգավորվի»:

«Ազատության» հետ զրուցում մի քաղաքացի նշեց, որ բացի տարբեր պատասխանների խնդրից, մեկ այլ մտահոգություն էլ ունեն․ բժիշկները շատ հաճախ հավաստի չեն համարում այլ լաբորատորիաներում ստացված արդյյունքները և պահանջում են նորից հետազոտվել իրենց նախընտրած լաբորատորիայում:

Իսկ նախարարության ներկայացուցիչն ասում է, որ այս խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ կկատարվեն համապատասխան օրենսդրական կարգավորումները: Բայց գոնե մոտ ապագում դա չի սպասվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG