Մատչելիության հղումներ

Ուկրաինան հասանելի է դարձնում խորհրդային շրջանի գաղտնի արխիվները


Ուկրաինա - Գերագույն ռադայի շենքը Կիևում

Ուկրաինան հասանելի է դարձնում Խորհրդային Միությունից մնացած գաղտնի արխիվային փաստաթղթերը: Պատմաբանները ողջունում են, կոմունիստները վրդովված են, իշխող կուսակցությունն էլ մեծ հետաքրքրությամբ սպասում է նոր փաստերի և ազգանունների բացահայտման:

Գերագույն ռադան նախօրեին ընդունել է «1917-1991 թվականներին կոմունիստական ամբողջատիրական ռեժիմի բռնապետական մարմինների արխիվների հասանելիության մասին» օրենքը, որը կտրուկ վերանայում է երկրի տարածքում գոյություն ունեցած խորհրդային ուժային գերատեսչությունների, այդ թվում՝ Պետական անվտանգության կոմիտեի, դատաիրավական մարմինների արխիվներ քաղաքացիների մուտքի կանոնները:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության հաղորդմամբ, ներկայումս տարբեր գերատեսչությունների տրամադրության տակ գտնվող՝ խորհրդային տարիներից մնացած այդ փաստաթղթերը առաջիկայում կփոխանցվեն Ազգային հիշողության ուկրաինական ինստիտուտի պետական արխիվին, որը նախատեսում են ստեղծել երեք ամսվա ընթացքում: Հանրության համար առանց որևէ սահմանափակումների հասանելի կդառնան, մասնավորապես, քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման, պետական իշխանության մարմինների ապօրինի գործողությունների, վթարների և աղետների, շրջակա միջավայրի և հանրային այլ հետաքրքրություն ներկայացնող բոլոր փաստերի մասին նյութերը:

Ուկրաինայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն հայտարարել է, որ այդ քայլով իշխանությունները ոչ միայն ցանկանում են զրկել կոմունիստներին տեղական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, այլև ատելություն են սերմանում: Դեկոմունիզացիայի (ապակոմունիստականացման) մասին Գերագույն ռադայի ընդունած բոլոր օրենքները, ըստ կոմունիստ գործչի, Ուկրաինային վնաս կհասցնեն:

Երկրի իշխող կուսակցությունը, մինչդեռ, այս օրենքի ընդունում համարում է պատմաբանների համար լայն հնարավորություն՝ անցյալն ուսումնասիրելու, ինչպես նաև՝ իր տեսակի մեջ լյուստրացիա:

«Այս ճանապարհն անցել է նաև Լեհաստանը՝ դեռևս 1990-ականներին: Ցավոք, մենք հիմա է, որ ուկրաինամետ մեծամասնություն ունենք խորհրդարանում: Վերջապես մենք նույնպես կարողացանք դիմել այս քայլին: Իրականում սա պարունակում է լյուստրացիայի տարրեր: Օրենքում դրույթ կա, որն արգելում է պաշտոններ զբաղեցնել այն մարդկանց, ովքեր խորհրդային տարիներին կուսակցական պաշտոններ են զբաղեցրել կամ ծառայել ԿԳԲ-ում (ՊԱԿ), և կան բազմաթիվ անձինք, ովքեր աշխատել են այդ կառույցներում, և մենք չգիտենք նրանց մասին․ կարծում եմ, որ հետաքրքիր կլինի իմանալ: Մենք պետք է իմանանք փաստերը. Մենք պետք է իմանանք այդ անունները», - «Ազատության» ուկրաինական ծառայությանն ասել է «Պետրո Պորոշենկոյի դաշինքի» պատգամավոր Դմիտրի Դոբրոդոմովը:

Պատմաբաններն արձագանքում են՝ վաղուց էր հասունացել դեկոմունիզացիան: «Կոմունիզմն ու նացիզմը նույն մակարդակի վրա դնելու որոշումը ընդգծում է այն հանգամանքը, որ Ուկրաինայում կոմունիզմ գոյություն չունի: Բացի այդ՝ կոմունիստական գաղափարախոսությունն Ուկրաինայի համար հոգեհարազատ չէ՝ ի տարբերություն Ռուսաստանի», - նկատում է ուկրաինացի պատմաբան Ալեքսանդր Պալիյը:

«Այս օրենքի ընդունմամբ՝ արխիվները հասանելի դարձնելը, մի բան է, որը վաղուց է հասունացել: Ինձ համար շատ կարևոր է, որովհետև պատմաբանները, ովքեր գրել են խորհրդային ժամանակների մասին, իշխանություններից կախված մարդիկ էին՝ նրանց կարող էին հեռացնել աշխատանքից և այլն», - հավելել է պատմաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG