Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, թե ինքը ո՛չ կողմ է, ո՛չ էլ դեմ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային բանակցությունների արդյունքում ձեռք բերված շրջանակային համաձայնագրին, ու հավելել է, թե մտադիր է սպասել, մինչև այն վերջնական տեսքի կբերվի:
Իրանի հոգևոր առաջնորդն առաջին անգամ է հրապարակավ մեկնաբանում երկարատև և բարդ բանակցությունների արդյունքում Իրանի և 6 գերտերությունների միջև ապրիլի 2-ին կնքված շրջանակային համաձայնագիրը: Շրջանակային համաձայնագրի հիման վրա հունվարի 30-ին կնքվելու է վերջնական համաձայնագիր, որով նախատեսվում է մեծապես կրճատել Իրանի միջուկային ծրագիրը՝ այդ երկրի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների թեթևացման դիմաց:
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում, մինչդեռ արևմտյան երկրները վստահ են, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ստեղծել:
Խամենեին, ում վերապահված է պետական ցանկացած հարցում վերջնական խոսքի իրավունքը, ընդգծել է, որ առայժմ որևէ «վերջնական» համաձայնություն չկա և համաձայնագրի մանրամասները վճռորոշ դեր են կատարելու: «Ես ո՛չ կողմ եմ, ո՛չ դեմ», - ասել է նա՝ հավելելով, թե ԱՄՆ-ը համաձայնագրի բովանդակության վերաբերյալ որոշ փաստեր է հրապարակել, սակայն դրանք տարբերվում են համաձայնագրի՝ իրանական կողմի ունեցած տարբերակից: