Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կես միլիոն դոլար է հատկացնում Հայաստան եկած սիրիահայերին աջակցելու համար


Եվրամիությունը կես միլիոն դոլար է հատկացնում սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխած սիրիահայեր գործարարներին աջակցելու համար:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանն «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ առաջիկա երեք տարիներին այս գումարը կօգնի պատերազմի պատճառով անօթեւան մնացած սիրիահայերին հաստատվել հայրենիքում։ Իսկ հետո Կառավարությունն իր միջոցներով նրանց կսատարի․ - «Մեզ համար կարևոր է տեսնել այդ աշխատանքի շարունակությունը։ Կարևոր է, որ այս եռամյա օգնությունը, որ կտրամադրվի մեր կողմից, հետագայում ստանձնի Կառավարությունը»։

Ծագումով Արևմտյան Հայաստանից եվրոպացի պաշտոնյան ծանոթ է սիրիահայերի գործարար ունակություններին և վստահ է, որ դրանք զարգացնել է պետք․ - «Հայաստանը պետք է օգտագործի նրանց կարողությունները: Նրանք ունեն կապեր, գիտելիքներ, արժեքներ, դա պետք է օգտագործվի որպես առավելություն»:

Եռամյա ծրագրով նախատեսվում է աջակցել գործարար սիրիահայերին, որ իրենց բիզնեսը բացեն, զարգացնեն, սեփական տեղը գտնեն շուկայում։ Ծրագիրն իրականացնելու է Կարմիր խաչը: Կազմակերպության ներկայացուցիչ Էդմոն Ազարյանն ասում է, որ կարևորում են գործարար սիրիահայերի ցանց և համատեղ ձեռնարկություններ ստեղծելու գաղափարը։

Ազարյանի կարծիքով, սիրիահայերի արտադրանքը Հայաստանում մեծ պահանջարկ ունի․ - «Ամենակարևոր խնդիրն է, որ համատեղ․․․ Օրինակ, եթե ունենք քաղցրավենիք պատրաստողներ, նրանք հանդես են գալիս որպես անհատներ: Նրանց համախմբելով՝ արտադրություն հիմնենք: Մենք պետք է բոլորին միավորելու այդ շղթան, այդ խթանը հանդիսանանք: Որովհետև արտադրություն հիմնելու մեջ բազմաթիվ պարտականություններ և դերեր կան: Փորձելու ենք աջակցել, որպեսզի այդ դերերը, պատասխանատվությունները սահմանվեն, և որպես մի թիմ կարողանան աշխատել»:

Սփյուռքի նախարարության սիրիահայերի հարցով հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը շեշտում է, որ Կառավարությունը տարբեր ծրագրերով օգնել է սիրիահայերին: Այս ծրագիրը, սակայն, առաջին փորձն է ոչ թե օգնելու, այլ զարգացմանը նպաստելու․ - «Մենք արդյունքում երկու տարի հետո կունենանք մի քանի անգամ ավելի շատ ընտանիքներ, որոնք իրենց սեփական փոքրիկ բիզնեսը կունենան և, ինչպես ասում են, կկարողանան իրենց գլուխը պահել»:

Եվրամիության այս ծրագրի մեկնարկին մասնակցող սիրիահայ գործարարները «Ազատության» հետ զրույցում նշում էին, որ Հայաստանի կառավարությունից միայն մեկ խնդրանք ունեն՝ աջակցել իրենց շուկայի հարցում, օգնել դուրս գալ ճգնաժամից։

Սիրիահայերի գործարարների միության անդամ, ոսկեչությամբ զբաղվող Միքայել Կարապետի մոտ Եվրամիության այս ծրագրի գաղափարը դրական հույսեր է արթնացնում․ - «Ամենակարևորը՝ ճանաչվելու կարիքը ունենք և սպառումի կարիքը ունենք: Որ մեր ապրանքներն արտադրվեն ու սպառվեն»:

Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստանել են շուրջ 13 հազար սիրիահայեր: Նրանց մեծ մասը գործազուրկ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG