Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ: Հանդիպման ընթացքում Սարգսյանը և Պինոտին երկուստեք կարևորել են փաստը, որ ռազմական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով և ընդգրկում է նաև խաղաղապահության ոլորտը:
«Հայ-իտալական ռազմական գործակցության օրակարգում կարևորելով նաև կրթության բնագավառը՝ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Իտալիայի կողմից տարիներ շարունակ հայ զինծառայողներին կրթաթոշակներ հատկացնելու հանգամանքը, որի շնորհիվ հայ սպաները բարձր որակի կրթություն են ստանում Իտալիայում: Նախագահը որպես համագործակցության հաջողված օրինակ է բերել Իտալիայի ռազմական ակադեմիայի շրջանավարտ Արտաշես Դանիելյանին, ով Լիբանանում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարն է», - մասնավորապես ասված է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:
Նախագահականից նաև հաղորդում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:
«Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ մասնակցել է պաշտպանության նախարարությունում կազմակերպված տեսակոնֆերանսին, որն անցկացվել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո համատեղ խաղաղապահ գործողություն իրականացնող հայ և իտալացի զինվորների հետ»: