Մատչելիության հղումներ

Մի քանի ժամից ընտանիքի հետ Երևան կժամանի Քիմ Քարդաշյանը


Քիմ Քարդաշյանը և նրա ամուսին Քանյե Ուեսթը, արխիվ

Մի քանի ժամից Երևան է ժամանում աշխարհի ամենահայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

34-ամյա Քարդաշյանի ամեն քայլն ու խոսքը րոպեների ընթացքում համացանցում հազարավոր դիտումներ է հավաքում: Արդեն շուրջ մոտ 35 հազար դիտում ունի հայ օգտատերերից մեկի՝ «Ֆեյսբուք»-ում տեղադրած տեսանյութը, որում Քիմ Քարդաշյանը դստեր ու ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ քայլում է Լոս Անջելեսի օդանավակայանում, որտեղից էլ, ենթադրաբար ուղևորվում է Երևան:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմը Հայաստան է գալիս իր արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու համար: Առիթն էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցն է:

«Կոսմոպոլիտան Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Քարդաշյանը վերջին տարիներին երկու անգամ հայտնվել է ամսագրի շապիկին: Ընդ որում՝ Քիմը հարցազրույցներում հպարտությամբ է նշել, որ իր լուսանկարը զարդարել է հայկական ամսագիրը: Հայ ընթերցողներն ու հեռուստադիտողները աշխարհահռչակ հեռուստաաստղին նաև հարցեր էին գրել։

«Մի հարցը լավ եմ հիշում՝ ի՞նչն է ամենահայեցին համարում իր արտաքնի մեջ, նա ասել էր՝ աչքերս», - նշեց «Կոսմոպոլիտան Հայաստանի» խմբագիրը։

Մինչ այս պահը խիստ գաղտնի է պահվում, թե հստակ երբ է Քիմ Քարդաշյանը Երևան գալու, որ հյուրանոցում է բնակվելու և որքան է Հայաստանում մնալու: Տարբեր տեղեկություններով, Քարդաշյանը վարձել է երկու հարկաբաժին Երևանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում:

Լուրերը հակասական են, արձագանքները՝ բուռն: Հրաչուհի Ութմազյանի կարծիքով, սա դեռ սկիզբն է: Չի զարմանում, որ Քարդաշյանի այցը նաև բացասական լույսի ներքո է քննարկվում:

«Առավել կարևոր է այն, որ հեռուստաաստղը առաջիկա օրերին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանը՝ հիշեցնելով Ցեղասպանության մասին», - ասում է Ութմազյանը՝ հավելելով․ - «Մեր հասարակությունը երկու խմբի է բաժանվել, բայց նա այսօր դիվա է, մեզ համար կարևոր է, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվի և ուղղակի հնչեցվի, որ սա այն երկիրն է, որտեղ նա ժամանել է, այո, սա այն երկիրն է, որի ժողովրդին ենթարկել են ցեղասպանության։ Ինձ համար դա է կարևոր, որ ամբողջ աշխարհին genocide բառը լսելի դառնա»։

Միջազգային լրատվամիջոցներից Daily Mail-ը վերջերս Քիմ Քարդաշյանի նախնիների վերաբերյալ հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե ժամանակին նրանք եղել են Քարդաշովներ, Հայ Առաքելական եկեղեցուն հետևորդ չեն եղել և կրոնական հալածանքների են ենթարկվել: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Քարդաշյանները ապրել են երկու բնակավայրերում՝ Կարսում և Կարինում:

«Քարդաշյանի պապն Ամերիկա է տեղափոխվել մինչև Ցեղասպանությունը, մյուսները, ովքեր մնացել են և փրկվել սպանդից, ապաստանել են Գյումրիում», - հայտնել է Ամատունին:

Ազգային արխիվի տնօրենի տվյալներով՝ Քիմի ներկայացուցիչները այցելել ենԳյումրիում բնակվող Քարտաշյանների հեռավոր ազգակիցներին՝ ֆիլմ նկարահանելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG