Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր վարչապետի անունից մրցանակներ հանձնեց տասնյակ գործարար կանանց ու վստահեցրեց՝ կառավարությունը միշտ կին գործարարների կողքին է։
«Համոզված եղեք, որ ոչ մի կին գործարար իր գործունեության մեջ որևէ խոչընդոտի չի հանդիպի»,- ասաց նախարարը։
Մոտ մեկ ժամ շարունակված միջոցառման ընթացքում նախարարը շարունակ պնդում էր՝ Հայաստանի բիզնես միջավայրում կանայք անլուծելի խնդիրների չեն բախվում, և որ պետությունը պատրաստ է իր ծրագրերով խրախուսել ու աջակցել նրանց:
Լավագույն երիտասարդ կին գործարարի մրցանակին արժանացած, հագուստի դիզայներ Ֆաինա Հարությունյանը թեթև արդյունաբերության ոլորտում ճանաչում է ձեռք բերել հատկապես շոու բիզնեսի ներկայացուցիչների համար մոդելավորած իր զգեստներով: Ֆաինան սեփական փորձով է համոզվել, որ կնոջ համար Հայաստանում բիզնես սկսելը դժվար է, բայց ոչ անհնար։
«Կարող եմ միայն նշել, որ կանանց ավելի մեղմ են վերաբերվում, ավելի քիչ են նեղացնում։ Քանի որ մեր ոլորտը շատ ավելի ազատ է, այդ առումով հետաքրքիր է լինել առաջիններից։ Կինը կարող է շատ ավելի լավ ղեկավարել ոչ միայն բիզնեսը, այլ շատ բարձր պաշտոններ»,- ասաց հագուստի դիզայները։
Նախարարը հույս հայտնեց, որ հաջորդ անգամ գործարար կանանց մրցանակ կհանձնի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այդպիսի մի բիզնես ծրագրով Ռուզան Հարությունյանը նախորդ տարի դիմել էր հենց Էկոնոմիկայի նախարարություն՝ աջակցություն ստանալու: Պատասխանը հուսադրող չի եղել, աջակցություն այդպես էլ չստանալով՝ երիտասարդ կինը փորձում է նույն ծրագիրը կյանքի կոչել արտերկրում։
«Ծրագրերի բավականին մեծ փաթեթ ունեինք, որոնք կապված էին երկրում էներգետիկ անվտանգության ապահովման հետ, առաջին հերթին որոշեցինք դիմել Էկոնոմիկայի նախարարություն, որտեղ կա հատուկ վարչություն, որը զբաղվում է նորարարություններով։ Ներդրումային բաժնի պետը մեզ այսպիսի տարօրինակ հարց տվեց, ասաց՝ եկել եք նախարարություն, որ ի՞նչ անեք, ինչո՞վ կարող ենք ձեզ օգնել, երբ մեզ է օգնություն պետք։ Խորհրդակցեցինք մարդ հետ, ովքեր այդ ոլորտում արդեն վարկեր ունեին և ոչ ոք խորհուրդ չտվեց բանկերի հետ գործ ունենալ, եթե անձնական կապիտալով չենք կարողանա այդ տոկոսները և վճարումները ժամանակին կատարել»,- պատմեց Հարությունյանը։
Շուրջ 18 տարի սուրճի մշակման գործում հաջողությունների հասած Վալերի Գործունյանը ևս հիասթափված է հեռացել Հայաստանից: Հիշում է, որ ժամանակին երևանցիներն իրեն «Փարիզյան սուրճի թագուհի» էին կոչում: Բիզնեսը, սակայն, դադարեց եկամտաբեր լինել երեք տարի առաջ, երբ Գործունյանին պատկանող սրճարանի ու սուրճի բիզնեսը 80 միլիոն դրամի հարկ կուտակեց: «Սա շինծու գործ էր»,- «Ազատությանը» փոխանցեց Գործունյանը՝ պնդելով, թե կառավարության աջակցության մասին հայտարարությունները խոսքից գործ չեն դառնում:
«Ընդհանրապես արդարություն չկա Հայաստանում։ Հաջող բիզնես անելու որևէ բան չեն արել։ Շատ հիասթափված վերադարձա։ Ոչ ոք չփորձեց ինձ օգնել՝ ոչ վարչապետ, ոչ նախարար, ոչ նախագահ, ընդհակառակը՝ այնպես արեցին, որ ավելի շուտ հեռանամ Հայաստանից»,- ասաց նա։
«Փոքր ու միջին ձեռնարկությունների» համագործակցության նախագահ Հակոբ Ավագյանը գործարար կանանց հաջողակ ու անհաջողակ բիզնեսների բազմաթիվ օրինակներ գիտի։ Ասում է՝ հայաստանյան բիզնես միջավայրը շատ բիրտ է կանանց համար, նրանց առաջին հերթին վստահություն է պետք, որը Կառավարությունը կարող է տալ ոչ թե խոստումներով, այլ հստակ ծրագրերով։
«Մենք ունենք օրենքների կիրառության կամայական կիրառություն, պետք է լուծենք կառավարության նկատմամբ վստահության խնդիրը։ Այս վստահությունը, ցավոք, օր օրի նվազում է»,- ասաց Ավագյանը։