Մատչելիության հղումներ

Վերահսկիչ պալատի 2014-ի զեկույցը կրկին միլիոնավոր դրամների չարաշահումներ է արձանագրել


Վերահսկիչ պալատի 2014-ի զեկույցը կրկին միլիոնավոր դրամների չարաշահումներ է արձանագրել
please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00

ԱԺ խմբակցություններից առայժմ միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառագությունն» են արձագանքում Վերահսկիչ պալատի վերջին զեկույցին, որը պետական ծախսերում կրկին միլիարդավոր դրամների չարաշահումներ է արձանագրում։

Մոտ 10 օր առաջ օրենսդիրին ներկայացրած տարեկան հաշվետվության մեջ Վերահսկիչ պալատը փաստում է՝ Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության ու Ֆինանսների նախարարություններում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ու քաղաքաշինության ոլորտներում մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող խախտումներն ու թերությունները տարիների պատմություն ունեն, և շատ դեպքերում իրավիճակն այդպես էլ չի շտկվում։ Բյուջեի անարդյունավետ օգտագործման ու պետական միջոցների յուրացման փաստերը, սակայն, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուրադ Շարմազանովին այսօր չէին հետաքրքրում։

«Աստված ձեզ սիրո մեջ պահի լիքը երեխեք ունենաք, ով չի հասցրել ամուսնանա, ամուսնանա և լիքը երեխաներ բերի», - այսպես արձագանքեց Շարմազանովը:

Ֆինանսների նախարարությունում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցը մրցութային կարգով բյուջեից 788 հազար դոլար է վճարել՝ Առցանց գործարքների ընթացքում պետական և մասնավոր հատվածի անվտանգությունն ու վստահությունը ապահովելու համար։

Վերահսկիչ պալատը, սակայն, պնդում է, որ մրցույթում հաղթող ճանաչված և ավելի քան կես միլիոն դոլար ստացած լեհական ընկերության առաջարկը հիմնված է եղել համացանցում անվճար տարածվող նմանատիպ ծրագրի վրա։ Տնտեսության ճգնաժամի, աղքատության ու կոռուպցիայի մասին պարբերաբար բարձրաձայնող «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն էլ այսօր դժվարացավ մեկնաբանել Վերահսկիչ պալատի բացահայտումները․ անտեղյակ էր։

Հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ 2014 թվականին Էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպությունները լիցենզիայի պայմանները չկատարելու համար որպես տույժ պետական բյուջե չեն փոխանցել 48 միլիոն դրամ։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գումարել ու հաշվել է՝ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներով միայն ստացվում է, որ բյուջեից տարեկան թալանվում է 700 միլիոն դոլար։

«Սա այնպիսի չարաշահումներ են, որոնց 10-րդ մասը ցանկացած նորմալ երկրում բավարար էր, որ մի տասը կառավարություն փոխվեր, թռներ, բայց մեր այս իշխանությունները, երեսները պնդեցրած, շարունակում են կառավարել երկրում, կարծես ոչինչ չի եղել», - ասաց Զուրաբյանը:

Քաղաքաշինության ոլորտում Վերահսկիչ պալատը կրկին արձանագրում է անորակ շինարարական աշխատանքներ, թերի և սահմանված կարգի խախտումներով իրականացված նախագծային հաշվարկներ, որոնք խոսում են ծախսված միլիոնավոր գումարների անարդյունավետության մասին։

Ձևական համարելով շինարարությունների նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգը՝ Վերահսկիչ պալատը արձանագրում է՝ մեկ հսկողն իբր թե կարողացել է մեկ օրում լինել աշխարհագրորեն բացարձակապես տարբեր վայրերում գտնվող մի քանի օբյեկտներում, ու նույնիսկ այդ պարագայում, իբր թե կատարել է պատշաճ հսկողություն։

Ընդդիմադիր պատգամավոր Լևոն Զուրաբյանի խոսքով, տարիներ շարունակ Վերահսկիչ պալատի բացահայտումները աչքաթող են արվում թե իշխանության, թե իրավապահ մարմինների կողմից, մինչդեռ, ըստ պատգամավորի, հաշվետվությունում արձանագրված յուրաքանչյուր խախտում դատախազությունում պետք է դիտարկվեր որպես հանցագործության մասին հաղորդում։

«Ամեն տարի սա հնչում է, կոնկրետ ֆիրմաների անուններ, կոնկրետ նախարարություններ և բոլորը մնում են իրենց տեղում ոչ մի քրեական գործ չի հարուցվում», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Իշխող Հանրապետականը, մինչդեռ, պնդում է՝ Վերահսկիչ պալատի աշխատանքն անարդյունք չի մնում։ Խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, սակայն, ընթացիկ հաշվետվության բովանդակությունը դեռ ծանոթ չէր։

«Գործողությունները, որոնք իրավական առումով դատապարտելի են, կարծում եմ այդ փաստաթղթերը վերահսկիչ պալատի կողմից ներկայացվում են նաև իրավապահներին» Գագիկ Մելիքյան

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համակարծիք չէ հանրապետական պատգամավորի հետ։

Ընդդիմադիր գործչի խոսքով, պալատի արձանագրած խախտումները իրավական հետևանքներ չեն ունենում, մեղավորներն էլ շարունակում են յուրացնել պետական բյուջեն։ Ըստ Փոստանջյանի, Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ընդամենը ծառայում են որպես խաղաքարտ՝ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքին։

«Սա ուղղակի մի գործիք է Սերժ Սարգսյանի ձեռքին: Նա հավաքում է այդ կոմպրոմատները, որը հետագայում օգտագործում է այն անձանց նկատմամբ, որոնք փորձել են չարաշահել», - նշեց Փոստանջյանը:

Վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան հաշվետվությունն արդեն ընդգրկված է ԱԺ օրակարգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG