Ազատամարտիկ Վարդան Թումանյանին մահվան հասցնելու մեջ մեղադրվողները ազատ են արձակվել: Նախաքննական մարմինը փոխել է Գևորգ Սարգսյանի ու նրա զարմիկի՝ Սարգիս Ղուկասյանի խափանման միջոցը՝ ստորագրություն վերցնելով չհեռանալու մասին։ Մեղմացվել է նաև նրանց առաջադրված մեղադրանքը․ երիտասարդներն այժմ մեղադրվում են ոչ թե առողջությանը ծանր, այլ միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով։
Նախաքննական մարմնի համար հիմք է հանդիսացել դիակի դատաբժշկական փորձաքննության լրացուցիչ հետազոտությունը, որի համաձայն, իր բակում ծեծի ենթարկված ազատամարտիկը մահացել է ոչ թե ծեծի հետևանքով, այլ կաթվածից։ Մինչդեռ դեպքից օրեր անց դիակի փորձաքննությունը եզրակացրել էր, որ մահվան պատճառ է դարձել հենց ծեծը։ Փաստաթղթերը կրկնակի հետազոտելու պահանջ էր ներկայացրել մեղադրյալների պաշտպան Կարեն Մկրտչյանը:
«Հիվանդի մահվան պատճառ հանդիսացել է կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումը, այսինքն՝ ինսուլտը: Նշված հեմատոման, որը բերել է մահվան, որևէ առնչություն չունի 13.07.2014 թվականին տեղի ունեցած վիճաբանության և ստացած մարմնական վնասվածքների հետ», - ասաց Մկրտչյանը:
Ազատամարտիկի ընտանիքում ապշած են իրավապահների այս եզրակացությունից։ Քույրը՝ Մարիետա Թումանյանը տարակուսած է․ ստացվում է՝ 54-ամյա եղբոր կաթվածը որևէ կապ չունի նույն օրը մարտարվեստի չեմպիոնից ստացած հարվածների հետ։
«Այսինքն, այդ հարվածից հետո է չէ՞ ստացվել այդ պրոցեսը: Իսկ էսօր իրանք ուզում են հակառակն ապացուցեն ու էսօր ես գտնում եմ, որ հանցագործները նրանք չեն, որ մարդ են սպանել, հանցագործը դա էդ «անկախ» հանձնաժողովն է 10 հոգանոց, դա քննիչն է, դատախազն է, որ էսօր, կարելի է ասել, փողի հետևից ընկնելով, ես դա բացահայտ հայտարարում եմ, որովհետև հիմքեր ունեմ ասելու դա, որովհետև էդ ընտանիքը էդ ընթացքում բնակարանը դրեց գրավ, վերցրեց 20 հազար դոլար, ու ես ճչում էի, որ նրանք փող են վերցրել, հնարավոր չի․․․», - «Ազատության» հետ զրույցում ասաց ազատամարտիկի քույրը:
Մարիետա Թումանյանն իշխող Հանրապետականի անդամ է։ Ասում է, թե մինչև այժմ հավատացած էր, թե արդարություն կա, բայց հիմա հիասթափված է։ Պարբերաբար լուրեր է լսել, որ մեղադրյալները փորձում են կաշառել իրավապահներին: Չի հավատացել, բայց հիմա ստեղծված իրավիճակի համար այլ բացատրություն չունի:
Ազատամարտիկի ընտանիքի փաստաբանները ևս պնդում են, թե կտրուկ փոփոխված եզրակացության հիմքում կոռուպցիոն կասկածներ կան։ Տիգրան Մուրադյանը աբսուրդ է որակում կատարվածը։ Փաստորեն, մի քանի հոգուց բաղկացած հանձնաժողովը ենթադրել է, որ ծեծվեր, թե չծեծվեր՝ ազատամարտիկը միևնույն է մահանալու էր:
«Էնտեղ նշված է, որ փաստորեն այդ անձը՝ մահացողը, էսպես թե էնպես մահանալու էր: Դա աբսուրդ է: Ի՞նչ է նշանակում, որ եթե դեպքը չլիներ, էդ մարդը մեկ է մահանալու էր: Ի՞նչ է նշանակում: Էն տպավորությունն է իմ մոտ առաջացել, որ փորձագետները գուշակություն են արել, ոչ թե եզրակացություն են տվել: Այսինքն, էդ մարդը այդ օրը մահանալո՞ւ էր: Նույնիսկ եթե մարդը մահամերձ է, ոչ մեկ չի կարող ասել՝ էդ մարդը մահանալու է, թե չի մահանալու», - ասաց փաստաբանը:
Մինչդեռ մեղադրյալների պաշտպան Կարեն Մկրտչյանը, իր հերթին, հայտարարում է, թե պետք չէ կատարվածը շահարկել ու խեղաթյուրել իրականությունը։ Պնդում է, որ հասնելու է նրան, որ գործով մնա մեկ մեղադրյալ: «Ջունգըլ» մականունով հայտնի Գևորգ Սարգսյանը, ով մարտարվեստի չեմպիոն է, ըստ Մկրտչյանի, ընդհանրապես չի ծեծել ազատամարտիկի։ Նա և նրա մյուս զարմիկը՝ հետախուզման մեջ գտնվող Վիկտոր Հովսեփյանը, ըստ պաշտպանի, փորձել են բաժանել վիճաբանողներին։