Մատչելիության հղումներ

Մեկօրյա հյուրախաղով Երևանում է Կոնստանտին Ռայկինը


Կոնստանտին Ռայկին
Կոնստանտին Ռայկին

Մեկօրյա հյուրախաղով Երևանում է ռուս հայտնի դերասան, բեմադրիչ Կոնստանտին Ռայկինը։ Նա այս երեկո Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում կներկայացնի «Իմ ձայնով» խորագիրը կրող հանրահայտ մենաներկայացումը։

Այս ներկայացումը Ռայկինը խաղում է ավելի քան 40 տարի՝ աշխարհի ամենատարբեր բեմերում։ Դերասանը կատակով նկատեց, որ թերևս միայն Անտարկտիդայում այսմենաներկայացումը չի խաղացել։

«Սա իմ կյանքի ներկայացումն է»,- ասում էր Ռայկինը։

Ռայկինը արդեն 27 տարի ղեկավարում է պետական «Սատիրիկոն» թատրոնը, որտեղ խաղում է, բեմադրություններ անում։ Նա հիմնադրել և ղեկավարում է նաև իր անունը կրող թատերական բարձրագույն դպրոցը.- «Ես ընդունում եմ միայն տաղանդավոր, շնորհալի մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից, դա միակ ճափանիշն է»,- ասում էր Ռայկինը։

Կինոյում չի խաղացել և չի էլ ուզում խաղալ։ Ասաց՝ անգամ հրաժարվել է Սփիլբերգի առաջարկից՝ նկարահանվել նրա ֆիլմում, որի համար իրեն 17 միլիոն դոլար էին առաջարկում։

Հյուրախաղերի Հայաստան չեն գալիս, որովհետև շատ բարդ կազմակերպչական ջանքեր են դրա համար անհրաժեշտ։ Հետխորհրդային երկրներ շատ դժվար է հյուրախաղերի գալ՝ ի տարբերություն մյուս երկրների, ասում էր դերասանը։

Ռայկինը շեշտում էր, որ ըստ վիճակագրության, աշխարհի ցանկացած քաղաքի բնակչության ընդամենը տասը տոկոսն է թատրոն գնում մի պարզ պատճառով՝ «բարի ու նուրբ հոգիներն ավելի քիչ են, քան հաստագլուխ տխմարները»։

Իր հոր՝ հանրահայտ Արկադի Ռայկինի մասին խոսելիս էլ ասում էր, որ նա իմաստուն մարդ էր, իսկ այն ժանրը, որ ստեղծեց հայրը, նրա մահից հետո այլևս գոյություն չունի։ Անձամբ ինքը՝ Կոնստանտին Ռայկինը, սատիրա, երգիծանք չի սիրում, գերադասում է հումորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG