Մատչելիության հղումներ

Վարչապետը հորդորում է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին դադարեցնել բողոքի ցույցերը


«Նաիրիտ»-ի աշխատակիցները կառավարության շենքի առջև բողոքի ցուցյի ժամանակ, արխիվ

Հովիկ Աբրահամյանը խոստացել է «Նաիրիտ»-ի աշխատողներին հանդիպել ապրիլի 17-ին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր «Նաիրիտ»-ի աշխատողներին հորդորել է մի քանի օր բողոքի ցույցեր չանել՝ խոստանալով նրանց հանդիպել ապրիլի 17-ին։ Ցույցերը համակարգող խմբին կառավարությունից նաև փոխանցել են, որ այդ օրը հստակ պատասխաններ կտրվեն ինչպես աշխատավարձի պարտքի մարման, այնպես էլ «Նաիրիտ»-ի վերագործարկման հնարավորության մասին։

Նախագահի նստավայրի մոտ հավաքված ցուցարարներն ասում էին․ - «Մենք կառավարության ներկայացուցիչների խոսքին ավելի շատ ենք հավատում, քան հենց իրենք»:

«Նրանք մոռանում են, որ նույն բանը ասել են սեպտեմբերի 2-ին, նրանք մոռանում են, որ խոստումներ տվել են 2010 թվականի ապրիլից, և առ էսօր ոչ մի բան չեն կատարել։ Եթե վարչապետը իրոք ցանկություն ունի աշխատելու, իրոք ուզում ա ժողովրդի հետ կապված քայլ անել, հետևաբար նա պետք է միջոցառում ձեռնարկի, որ կոլեկտիվը ստանա գոնե մեկ աշխատավարձ և ունենա իր ձեռքի տակ ժամանակացույց պարտքի մարման հետ կապված», - ասաց գործարանի աշխատակիցներից մեկը:

Ցույցի մասնակիցները նշում են, որ իրենք համաձայն չեն վարչապետի այն տեսակետի հետ, ով ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում ոչ թե կառավարությանը, այլ գործարանի սեփականատերերին:

«Կառավարությունը կնքեց պայմանագիր «Ռայնովիլ»-ի հետ, որը չուներ կենսագրություն և չուներ անցյալ, բայց պայմանագրում նշված էր, որ ներդրումներ պիտի կատարի ժամանակ առ ժամանակ որոշակի գումարներով։ Առաջին 70 միլիոն վերցնելուց հետո ճանապարհին անհայտացավ 30 միլիոնը, որի ժամանակ կառավարությունը ոչ մի միջոց չձեռնարկեց։ Գնեց «Մեգատեքս» ընկերությունը մոտ 10 միլիոն դոլարով, վաճառեց 60 հազար դոլարով, կառավարությունը ևս անտեսեց։ Պատասխանատվությունը միայն պետք է կրի կառավարությունը՝ ի դեմս նախկին վարչապետի, որը դիրիժորն է ամբողջ գործարքի և պետք է պատասխան տա»։

Գործարանի աշխատողները, բացի աշխատավարձից ապագայում ակնկալում են նաև բարոյական վնասի փոխհատուցում։ Նրանք հույս են հայտնում, որ ապրիլի 17-ը ամենավերջին ժամկետը կլինի ու ակնկալում են, որ այս անգամ ոչ թե խոստումներ կլսեն, այլ հստակ պատասխաններ։ Հակառակ դեպքում, խոստանում են ընտրել պայքարի նոր ձևեր:

«Մեզ մնում ա նստացույց անենք մինչև ապրիլի 23-ը, կամ էլ հացադուլ, կտրուկ քայլերի ենք գնալու, որովհետև 1 700 հոգի կոլեկտիվը սոցիալական ահավոր ծանր վիճակի ա հասել արդեն», - նշեց գործարանի մեկ ուրիշ աշխատակից։

Ըստ նախնական տեղեկությունների, այսօր պետք է հրապարակվեին «Նաիրիտ» գործարանում անցկացված աուդիտի արդյունքները: Աուդիտի նպատակն էր պարզել՝արդյո՞ք քիմիական հսկան հնարավոր է վերագործարկել, թե ոչ։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արթուր Կոչնակյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ դեռևս հստակ չէ աուդիտի արդյունքների հրապարակման օրը:

«Պատասխանը վերջնական դեռ չկա, հաշվետվությունները վերջնականացման փուլում են: Աշխատանքային պրոցես ա։ Վերջնական հաշվետվության նախագիծը պատրաստ ա, բայց դա մենք ոչ կարող ենք հրապարակել, ոչ քննարկել մինչև որ դա նախապես կառավարության հետ չքննարկենք», - ասաց Կոչնակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG