Մատչելիության հղումներ

Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Մոսկվա


Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը Մոսկվայում, արխիվ
Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 7-8-ը պաշտոնական այց կկատարի Մոսկվա:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը կայանալիք բանակցությունների ընթացքում երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն հրատապ հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին, արտաքին քաղաքականության համակարգմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ՍԾՏՀԿ-ում, այլ բազմակողմ համաժողովների շրջանակներում: Տեղի կունենա մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով, որում Ռուսաստանը, ինչպես նշված է հաղորդագրությունում, «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, ակտիվ միջնորդական դեր է խաղում»:

Այցի ծրագրով նախատեսված են նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ռուսաստանցի քաղաքագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

«Ակնկալում ենք, որ Հայաստանի արտգործնախարարի Ռուսաստան այցը կարևոր իրադարձություն կդառնա երկկողմ արտաքին քաղաքական երկխոսության հետագա զարգացման գործում, կծառայի ռուս - հայկական դաշնակցային գործընկերության ամրապնդմանը», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Այցի նախօրեին Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Միջազգային հարաբերություններ» հանդեսին՝ ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության գործունեությունն ու դրա առաջնահերթությունները, անդրադառնալով, մասնավորապես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ղարաբաղյան գործընթացին և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG